ՀՀ կրթության նախարարը՝ Լեւոն Մկրտչյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ոչ մի մասնավոր բուհ բժիշկ մասնագետ որակավորում տալու իրավունք չունի, միայն բժշկական համալսարանինն է տրված այդ իրավունքը՝ օրդինատուրայի ձեւով: Նախարարն իր խոսքում նշել է, որ եթե մասնավոր բուհերի տված դիպլոմներն այդքան անորակ են, ապա ինչո՞ւ է բժշկական համալսարանը բժշկի որակավորում տալիս այն մասնագետներին, ովքեր այլ բուհերից դիմում են իրենց՝ ստանալու բժշկի որակավորում:
Ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը: Ի պատասխան «Ժողովուրդ-ի այս հարցմանը՝ ԵՊԲՀ հետբուհական հարցերով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը պտասխանեց. «Մինչեւ 2011 թվականը ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա իրավունք ունեին ընդունվելու միայն ԵՊԲՀ շրջանավարտները: 2011 թվականից ԵՊԲՀ-ին միացել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կրթական մասը՝ ամբիոններով եւ իրենց կլինիկական օրդինատորներով եւս: Միավորման արդյունքում 2011 թվականից սկսած, կառավարության որոշման համաձայն, կլինիկական օրդինատուրան իրականացվել է ԵՊԲՀ-ում, ինչի արդյունքում այլ բուհերի բժշկական կրթություն ստացած շրջանավարտներին եւս տրվեց իրավունք բժիշկ մասնագետի որակավորում ստանալ ԵՊԲՀ-ում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քաղաքականությունը՝ միջազգային դաշտում մրցունակ բժիշկներ պատրաստելը, որոշակի հստակեցումներ եւ խստացումներ են կատարվել ուսումնական գործընթացում:
Օրինակ՝ 2016 թվականին բժշկական կրթություն տրամադրող այլ բուհերից ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա է դիմել 188 քաղաքացի, որից ընդունվել է 165-ը կամ դիմողների 87%, 2017 թվականին 150 քաղաքացի, որոնցից ընդունվել է 40 կամ 26%: Նշենք նաեւ, որ ԵՊԲՀ-ն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի այն կետի վերաբերյալ, որով սահմանափակվում է հավատարմագրում չունեցող բուհից հավատարմագրված բուհի կլինիկական օրդինատուրա ընդունվելը, նույնիսկ անգամ տեղափոխվելը»:
Փաստենք, որ Հայաստանում բժշկական կրթություն տրամադրող միակ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհը ԵՊԲՀ-ն է:
Ս.Հ.