«Գորիս» ՔԿՀ-ի կալանավորներին թմրանյութը մատակարարողը կին է եղել. ԱԱԾ-ի գաղտնալսման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քրեակատարողական հիմնարկի շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Գորիս» ՔԿՀ-ի կալանավորներին եւ դատապարտյալներին շարունակաբար թմրանյութ է մատակարարել մի կին, որին կալանավորել են:

Քրեական գործ անկարգությունների մասով

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 30-ին գրել էր, որ իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել էին այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-որ բան փնտրելով: Ստուգումներից հետո բանտից անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանը՝ Կարոն:
նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ի՞նչ էր փնտրում ԱԱԾ-ն

Այն, որ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, այլեւս անհերքելի իրողություն է, եւ իրավապահները ընթացք են տվել դատապարտյալների կողմից անկարգություններ հրահրելու գործընթացին, սակայն չմոռանանք ամենագլխավորի մասին. ի՞նչ էր փնտրում կամ ի՞նչ քննչական գործողություններ էր իրականացնում ԱԱԾ-ն Գորիսի քրեակատարողական հիմնարկում, որ արդյունքում կալանավորները «գժվեցին»:
Եվ այսպես՝ մինչ Գորիսի քրեակատարողական հիմնարկ մտնել եւ խուզարկություն իրականացնելը, ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ ՔԿՀ տեւական ժամանակ առանց արգելքների թմրանյութ է մատակարարվում դատապարտյալներին եւ կալանավորներին: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ թմրանյութը ՔԿՀ մատակարարել է Գորիս քաղաքի բնակիչ Աննան: ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնալսել է Աննային եւ բավարար ինֆորմացիայի տիրապետելուց հետո խուզարկություն է կատարել նրա բնակարանում, եւ ըստ էության կնոջ տանը հայտնաբերել են թմրանյութ:

Արդյունքում, սկսվել են քննչական գործողությունները, թե նա որտեղից է ձեռք բերել թրմանյութը եւ որտեղ է իրացրել: Պարզվել է, որ թմրանյութի մեծ մասը Աննան մատակարարել է Գորիսի ՔԿՀ, ինչի արդյունքում ԱԱԾ-ն Աննայի ցուցմունքի հիման վրա հոկտեմբերի 30-ին ստուգումներ է սկսել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ինչն էլ զայրացրել էր կալանավորներին:
Ի՞նչ ճանապարհով է թմրանյութը բանտ մտել, ո՞ւր են նայել քրեակատարողական հիմնարկի ղկավարության աչքերը. ԱԱԾ-ում առանձին քննություն է ընթանում, որը դեռեւս գաղտնի է պահվում: Սակայն փաստ է, որ Գորիս քաղաքի բնակիչ Աննան ԱԱԾ-ի կողմից կալանավորված է, իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ընդամենը մեկ քրեական գործ եւ այն էլ կալանավորների անկարգությունների մասով:

Գորիսի «զոն նայողի» հետքերով

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ի խուզարկությունից հետո Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանը անհետացել է: Քրեակատարողական հիմնարկից մեզ հասած տեղեկություններով՝ որոշում է կայացվել նրան Գորիսի քրեակատարողական հիմնարկից հեռացնել, իսկ թե ուր են տարել, գաղտնի է պահվում: Ըստ լուրերի՝ Աննայի կողմից ՔԿՀ թմրանյութ մատակարարելու եւ կալանավորներին այն տրամադրելու գործընթացը կազմակերպել է Կարապետ Հովհաննիսյանը, դա է պատճառը, որ իրավապահները նրան մեկուսացրել են, որ քննությանը չխոչընդոտի:
Նշենք, որ Կարապետ Հովհաննիսյանը ազատազրկման է դատապարտվել 2002 թվականին սպանության համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինիս մտերիմ շրջապատի անձանցից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ Կարապետ Հովհաննիսյանը չէր կարող կապ ունենալ իրավապահների կողմից քրեակատարողական հիմնարկ թմրանյութ մատակարարելու գործընթացը կազմակերպելու հետ, քանի որ իր կարգավիճակը դա թույլ չէր տալիս: Ասել է, թե «զոն նայողը» չէր կարող թաթախվել այդ գործընթացի մեջ: Իսկ որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը, կպարզի ԱԱԾ-ն:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ազգային անվտանգության ծառայությունից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ-ից հորդորեցին հարցումը ուղարկել գրավոր: Սպասենք գրավոր հարցման պատասխանին:
Քրեակատարողական հիմնարկի պետը
Իսկ ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցին, ապա նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել, քանի որ քրեակատարողական հիմնարկ թմրանյութ է մատակարարվել եւ այն էլ տեւական ժամանակ, սակայն ՔԿՀ պետը կա՛մ անգործության է մատնված եղել, կա՛մ աչք է փակել կատարվածի վրա: Չի բացառվում, իհարկե, որ նա այս պատմությունից չոր դուրս գա, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի՝ նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար: Իսկ կատարվածի հետեւանքով մեղադրյալի աթոռին կհայտնվեն մի քանի «մանր ձկներ», ինչպես ավանդաբար:

Քնար Մանուկյան




Լրահոս