Վազաշենի բնակչի երկու կովը պայթել են, մեկը` անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի սահմանագոտում ականների վրա պայթել են Վազաշենի բնակիչ Մելիք Հակոբյանի 2 կով: Վազաշենցիները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Մ. Հակոբյանին պատկանող 3-րդ կովն անհետացել է: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ Մ. Հակոբյանին պատկանող 3-րդ կովից տեղեկություններ չկան: Սահմանամերձ համայնքի ղեկավարը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանում տեղյակ են դեպքի մասին, սակայն ինքը չգիտի` կովերի կորստյան համար Մելիք Հակոբյանին պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Նոյեմբերի 8-ին, երբ հեռախոսազանգով խոսում էի Լ. Բադիրյանի հետ, նա ասաց, որ ինքն այդ պահին զբաղված է, գյուղի միջնակարգ դպրոցի շենքի առաջ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած արագ աճող բարդիներն են տնկում, որպեսզի դպրոցի շենքը պաշտպանվի ադրբեջանական գնդակոծություններից: Արագ աճող բարդիները տնկվում են 3 շերտով: Մի քանի տարի անց այդ բարդիները կդառնան մեծ ծառեր: Նախկինում Վազաշենի դպրոցի պատուհանները ձեւափոխել էին, նեղացրել, որպեսզի դպրոցում սովորող երեխաները ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանված լինեն: Դպրոցի շենքի պատերին առկա են ադրբեջանական գնդակոծության հետքերը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս