«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրությանը հայտնի անձանց, մասնավորապես շոուբիզնեսցիների անձնական կյանքի անհայտ կամ քչերին հայտնի պատմություններին։ Վերջիններս խոսում են իրենց ապրած զգացմունքների մասին, կատարում են խոստովանություններ։ Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն է։
Նա հիշեց, որ առաջին անգամ լրջորեն սիրահարվել է 25 տարեկանում. «Դա, կարծում եմ, փոխադարձ զգացմունք չէր այն իմաստով, որ նա իմ չափ ու ինձ պես չէր սիրում։ Մենք որոշ ժամանակ ընկերություն արեցինք, սակայն հետո ամեն բան ավարտվեց։ Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ իր տրամաբանական ավարտը»,- ասաց մեր զրուցակիցը։
Երգչուհու առաջին սերը երգարվեստից չէր, թատերական աշխարհից էր. «Ես հենց սկզբում էլ հասկանում էի, որ մենք իրար համար չէինք, ուղղակի սերը եկել-կպել էր (ծիծաղում է)։ Ոչ մի բան չէի պլանավորում, ապրում էի այդ օրով, տրվում էի ընթացքին, պարզապես վայելում էի»,- անկեղծացավ Արմինեն։
Նրա համոզմամբ՝ արվեստի, հատկապես բեմարվեստի մարդկանց միջեւ սիրավեպը երկար կյանք չի ունենում. «Իհարկե, լինում են բացառություններ, բայց հիմնականում չարժե, որ նման միություններ լինեն։ Կյանքը ցույց է տվել, որ ավելի լավ է՝ կողակիցները տարբեր բնագավառներից լինեն, այդպես ավելի լավ են իրար աջակցում, «դուխ տալիս»»,- կարծիք հայտնեց երգչուհին։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Արմինեն տարիներ անց հանդիպել է իր առաջին սիրուն եւ արդյոք ջերմությամբ է հիշում նրան. «Շատ նորմալ եմ հիշում, թեեւ զարմանում եմ՝ ոնց կարելի էր նրան սիրել։ Ամեն դեպքում, ժպտում եմ, հարգանքով եմ վերաբերվում իմ զգացմունքներին։ Տարիներ անց, այո, հանդիպել եմ իմ առաջին սիրուն, սակայն նրա հանդեպ ոչ մի զգացմունք չէր պահպանվել։ Մեր միջեւ մնացել են գործնական լավ հարաբերություններ»,- խոստովանեց երգչուհին։
Հարցին, թե արդյոք այդ տղամարդը ամուսնացել է, Արմինեն պատասխանեց. «Նա այն ժամանակ էլ էր ամուսնացած, բայց միայն փաստաթղթերով։ Կնոջից առանձին էր ապրում»։
Մեր զրուցակիցն ասաց, որ դուրս է եկել հաճախ սիրահարվելու տարիքից, թեեւ երիտասարդ ժամանակ էլ այդ առումով աչքի չի ընկել. «Աստիճանաբար ավելի հազվադեպ եմ սիրահարվում, իսկ վերջին ժամանակներում առհասարակ չեմ սիրահարվում։ Որովհետեւ երբ դա պատահում է, գործերդ սկսում են ձախ գնալ։ Ամեն անգամ աղոթելուց Աստծուն խնդրում եմ՝ չսիրահարվեմ, որ գործերս չձախողվեն։ Սիրահարվելը, կարծում եմ, անիմաստ բան է, ժամանակի կորուստ։ Այն կարող է բերել հաճելի զգացումներ, բայց միաժամանակ նաեւ՝ ձախողումներ ու կորուստներ»,-եզրափակեց Արմինեն։
Աննա Բաբաջանյան