ՆԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մահացավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալներից Էդիկ Գրիգորյանը: Կատարվածը տարբեր կասկածների ու ենթադրությունների տեղիք է տվել, առավել եւս, երբ դեռ 2014թ. նա ArmLur.am-ի հետ զրույցում խոստացել էր հոկտեմբերի 27-ի վերաբերյալ բացահայտումներ անել, բայց այդպես էլ նրա կողմից որեւէ հրապարկում չեղավ: Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի հանցախմբի առանցքային դերակատարներից էր, նախկին դաշնակցական: Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել Է.Գրիգորյանի ջանքերով. նա այս հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել: Բացի այդ՝ նա «հավաքագրել» էր նաեւ խմբի անդամներից Դերենիկ Բեջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթը գործի նյութերից պարզեց, որ Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը մինչեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը շատ անգամ են եղել ԱԺ-ում, որտեղ էլ կատարել են ահաբեկչությանը նախորդած նախապատրաստական աշխատանքները՝ գծագրելով դահլիճի հատակագիծը, մասնավորապես ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շարքերն ու տեղերը՝ ըստ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, դահլիճից դուրս՝ ոստիկանական պահակակետերը, թիկնապահների եւ ոստիկանների հիմնական եւ հավանական գտնվելու վայրերը:
Ի դեպ, դատաքննության փուլում հանցախմբի անդամներից Հունանյանների քեռին` Վռամ Գալստյանը, մի քանի անգամ հայտարարել էր, թե 27-ի գործով կազմակերպիչներին գիտեն Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը, նույնիսկ հավելել էր. «Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի»: Ու հիմա այս գործով առանցքային մեղադրյալի մահը չի կարող կասկածներ չհարուցել:

 

 

 

Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: Եւ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝ թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում: Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն եւ բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով: Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետեւանքով են եղել. ձերբակալված քաղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում: «Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը: Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից:

 

 

 

 

Դեռ այս տարվա հուլիսին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Սակայն պարոն Տարոն Մարգարյանը մինչեւ հիմա որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որեւէ քայլ չեն անում: «Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում»,- եղել է պատասխանը: Փաստորեն, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանը տարբեր երկրների փորձն է ուսումնասիրում եւ այդպես էլ եզրակացության չի գալիս:

 

 

 

 

ՄԵԾ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի հետ: Մասնավորապես վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ խոսել է տնտեսական համագործակցության հեռանկարների մասին, ասել, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանն ասել է, «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին եւս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա»:
Լավ է, երբ Սերժ Սարգսյանն այդպիսի մեծ հավակնություններ ունի, փորձում է հնդիկներին համոզել, որ գան Հայաստան, ներդրումներ անեն, բիզնես սկսեն՝ միաժամանակ որպես առավելություն նշելով ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը: Բայց արի ու տես, որ Հնդկաստանի համար Հայաստանը դեպի ԵԱՏՄ շուկա, մեղմ ասած, ձեռնտու չէ: Ի վերջո, Հնդկաստանին շատ ավելի մոտ են ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանն ու Ղրղզստանը, քան Հայաստանը: Եւ հետո՝ Հայաստանի հետ չկան հաղորդակցության հարմար ուղիներ: Մի փաստ էլ՝ նույն Հայաստանն ինքը չի կարող այսօր լիարժեք օգտվել ԵԱՏՄ-ին իր անդամակցության հնարավորություններից, ուր մնաց՝ Հնդկաստանի համար դառնա կապող օղակ: Ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունի ցամաքային սահման, իսկ ՌԴ-ի հետ կապը Վրաստանի միջոցով է՝ Վերին Լարսի անցակետով, որը տարվա մի մասը փակվում է կա՛մ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կա՛մ բնական աղետների հետեւանքով, կա՛մ էլ քաղաքական դրդապատճառներով: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ, եթե ավելի առարկայական առաջարկներ ներկայացներ:
Չնայած, այստեղ էլ է ինքը կաշկանդված. Հայաստանի շուկան օտարերկրացիների համար լուրջ գործունեություն ծավալելու առումով այնքան էլ հրապուրիչ չէ, ներդրումային դաշտը դեռեւս խախուտ է:
Եւ հետո՝ Հայաստանը Հնդկաստանի հետ արդեն 25 տարի է՝ քաղաքական հարաբերություններ է հաստատել, բայց տնտեսական առումով լուրջ համագործակցություն չի ստացվում: Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով դեպի Հնդկաստան արտահանվել է 1 մլն 67 հազար դոլարի, ներկրվել՝ 21,7 մլն դոլար ապրանք, իսկ 2016թ. ընթացքում արտահանվել է 1 մլն 679 հազար դոլարի, ներկրվել՝ 71,4 մլ դոլարի ապրանք: Թվեր, որոնք ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տոկոս են կազմում:

 




Լրահոս