Երեկ խորհրդարանում շարունակվեցին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, թե 2018 թվականին իր ղեկավարած գերատեսչությանը 185 մլն դրամ պակաս գումար է տրամադրվել, որը նա պայմանավորեց ՊՈԱԿ-ների քանակի կրճատմամբ:
Սակայն ֆինանսավորման նվազումը մտահոգել էր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանին, ով իր ելույթում նշեց. «Ինձ մտահոգեցին թվերը, քանի որ ֆինանսական ներգրավվածությունն ԱԻՆ-ին նվազել է. 2017-ին ավելի շատ է եղել, քան 2018-ին է: Ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր լինել՝ բացի բյուջեի սղությունը, որ գերակա ուղղությունն անտեսվել է ու մնացել ետին պլան: Մտահոգություն չունե՞ք, որ էս ֆինանսավորմամբ ու տեմպերով նախարարությունը հետընթաց կապրի: Ինչի՞ ենք սպասում, որ ֆորսմաժորային վիճակ ստեղծվի՞, եւ պահուստային ֆոնդից հատուկ գումարներ տրամադրվե՞ն՝ այդ վիճակը շտկելու համար», – նշեց Ալիկ Սարգսյանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը մտահոգիչ համարեց նախարարությանը տրվող գումարների նվազումն ու հարց բարձրացրեց, թե այդպես նախարարությունը հետընթաց կապրի:
-Երկու ուղղություն կա այդ ամենը զարգացնելու՝ մեկը՝ միջազգային համագործակցության շնորհիվ, երկրորդ ոլորտը՝ դա մասնավոր սեկտորի հետ համագործակցությունն է, այսինքն՝ նրանց ներգրավումը աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում:
-Միջազգային համագործակցության շրջանակներում նախատեսվո՞ւմ է նոր տեխնիկայի ձեռքբերում:
-Այո՛, ե՛ւ հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի շրջանակներում, ե՛ւ ՀՀ-Ճապոնիա համագործակցության շրջանակներում, ե՛ւ բավականին մեծ քանակությամբ:
-Այսինքն՝ նոր տեխնիկայի ձեռքբերումը բյուջեի միջոցներից չի՞ կատարվում:
-Ո՛չ, բայց բյուջետային ներդրումը ՀՀ-ի լինելու է պահպանման ծախսերը:
-Այդ համագործակցությունը նախկինում եղե՞լ է, թե կարիքն առաջացավ միայն այս տարվա հրդեհներից հետո:
-Դա շարունակական պրոցես է, տարիներ շարունակ իրականացվել է: Մենք ունենք ռիսկերի գնահատում, մենք գիտենք՝ ինչ քանակությամբ, որտեղ եւ հաշվի առնելով ռիսկայնությունը՝ ինչ քանակությամբ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ:
-Սակայն հրդեհների ժամանակ ի՞նչ պարզվեց, ի վերջո, մենք ի՞նչ տեխնիկայի կարիք ունենք ամենաշատը:
-2018 թվականին ձեռք են բերվելու փոքր ամենագնաց մեքենաներ, նաեւ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մեծ, դժվարամատչելի հեռավորության վրա ջուր հասցնել: Այդ տեխնիկայի ձեռք բերելու նպատակները կային նաեւ մինչ հրդեհները, ուղղակի չկար դեռեւս հնարավորություն: Հիմա ավելի շատ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը՛:
-Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինե՞ն: Եղե՞լ են աշխատակիցներ, ովքեր պատժվել են այդ հրդեհներից հետո:
-Կադրային փոփոխություններն անընդհատ են իրականացվում: Խնդիրը նրանումն է, որ մեր համակարգը համեմատաբար երկար ժամանակ, համեմատաբար մեծ հեռավորության վրա առաջին անգամ տեղակայվեց, եւ դա ստեղծեց որոշակի խնդիրներ, որոնք մենք շատ արագ լուծեցինք: Վերլուծություն է կատարվել, ե՛ւ այդ պահին են պատժվողներ եղել, ե՛ւ դրանից հետո: Եղել են նաեւ անձինք, ովքեր աշխատանքից են ազատվել:
-Պարո՛ն Տոնոյան, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ Գագիկ Կիրակոսյանը եւս ազատվել է աշխատանքից: Չնայած նախարարության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում նշել էին, թե պատճառը կենսաթոշակի տարիքի անցնելն է, սակայն Ձեզանից կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք հրահանգել եք նրան աշխատանքից ազատման դիմում գրել Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման արարողությանը մասնակցելու պատճառով:
-Իրականում այդ անձնավորությանը, ով այդ վարչության պետի տեղակալն է եղել, երբ գտնվել է դպրոցի բացմանը, եղել է արձակուրդում: Մինչ արձակուրդ գնալն ինքն արդեն տեղեկացված է եղել, որ ազատվելու է այդ ծառայությունից:
-Միայն կենսաթոշակի տարի՞քն է եղել պատճառը:
-Այս պահին ես այդքանով կսահմանափակվեմ: Ես իրականում վիրավորվում եմ, երբ որ ինչ-որ բան խոսվում է, ու դա կապվում է երջանկահիշատակ Երիցյանի հետ: Դա շահարկում է:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ
Երեկ՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության՝ 2018 թվականի զարգացման ծրագիրը: Նա կարեւորեց ոստիկանության կազմակերպա-իրավական ձեւն ու կառուցվածքային փոփոխությունները:
«Մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոստիկանությունը սահմանվի որպես վարչապետին ենթակա պետական մարմին: Այդ մոդելը նպատակահարմար է այնքանով, որ ոստիկանությանը թույլ կտա նոր սահմանադրական կարգավիճակին անցում կատարել, սահուն՝ առանց կառուցվածքային եւ գործառույթային զգալի փոփոխությունների ու ժամանակի անհարկի կորստի: Առաջարկվող կարգավիճակի պարագայում ոստիկանության քաղաքական չեզոքությունը կլինի ավելի երաշխավորված»,- նկատեց նա:
Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ Եղիազարյանը նշեց, որ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումները կմիավորվեն: «Ապագայում կձեւավորվեն նաեւ քրեական եւ հասարակական անվտանգության ոստիկանություններ»,- հավելեց Վարդան Եղիազարյանը:
Նախատեսվում է նաեւ ձեւավորել շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն, որը բարձրացնելու է բնակավայրերում իրավախախտումների կանխարգելման եւ խափանման արդյունավետությունը: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ պլանավորվում է ոստիկանության համակարգում ավելացնել տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների օգտագործումը: «Տեղեկատվական արդիական տեխնոլոգիաները պետք է լայնորեն օգտագործվեն հատկապես հասարակական կարգն ապահովելիս, հանցագործությունները, վարչական իրավախախտումները հայտնաբերելիս եւ խափանելիս»,- ասաց փոխոստիկանապետը:
Փոխոստիկանապետի ելույթից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սա աննախադեպ որակեց՝ ասելով, որ բացահայտում կա: «Երկար ժամանակ մենք սպասում ենք Կառավարության մասին օրենքին, սակայն կան սահմանադրական փոփոխություններ, որ մենք անցնելու ենք կառավարման խորհրդարանական համակարգի, եւ այլեւս չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, եւ բոլորը հաշվետու են լինելու խորհրդարանին: Դուք Ձեր զեկույցում նշեցիք, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին: Այսինքն՝ որեւէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ», – նկատեց նա: Եղիազարյանն էլ նշեց, թե սա այն տեսլականն է, որը նրանք տեսնում են ոստիկանության տեսանկյունից:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2018թ. ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 41.6 միլիարդ դրամ: Ընթացիկ տարվա համեմատ ոստիկանությանը հատկացվող բյուջետային միջոցները նվազել են 544.4 միլիոն դրամով:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀՔԾ-ՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, եւ այլն: Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը: Նա հայտարարագրել է թվով 4 մեքենա: Ավելին՝ ըստ «ՀԵՏՔ»-ի՝ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ նա ունի 100% բաժնեմաս: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՔԾ-ում պարզել են, թե որտեղից աշխատակազմի ղեկավարին այդքան գումար, եւ, ի վերջո, միլիարդատեր լինելով՝ նրա ինչի՞ն է պետք աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը ասաց. «Աշխատակազմի ղեկավարը տեւականորեն աշխատել է գործարար միջավայրում նախքան հատուկ քննչական ծառայություն աշխատանքի ընդունվելը: Ունեցել է բիզնեսներ, որոնք նշել է իր հայտարարագրում, նաեւ անշարժ ու շարժական գույքը: Մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, որ նա տիրապետում է որոշակի կարողության»:
ՓՈԽԱՐԻՆԵՑԻՆ
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին կալանավորվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը: Նախնական տվյալներով՝ նա 1500 ԱՄՆ դոլարի դիմաց կեղծ ատեստատ էր տվել մի քաղաքացու, եւ կեղծիքը բացահայտվել էր, երբ վերջինս փաստաթղթերը ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատուն: Ուշագրավն այն է, որ այս գործով կալանքի տակ է ընդամենը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը, մինչդեռ դատելով իրավիճակից՝ Սահակյանը միայնակ չէր կարող այդ գործը գլուխ բերել: Բայց ով եւ ինչ մասնակցություն է ունեցել այս գործում, իրավապահները դեռ չեն պարզել: ՀՀ քննչական կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է:
Նկատենք, որ Սահակյանի տեղը ԿԳՆ-ում ազատ էր մնացել, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ վերջինիս պաշտոնում ցանկանում են նշանակել ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներաձագին, որը այս օրերին աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: