ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՆՑԱԽՄԲԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մահացավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալներից Էդիկ Գրիգորյանը: Նա պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. նախօրեի երեկոյան սրտի շրջանում ցավեր է ունեցել, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դեռ 2014թ. Էդիկ Գրիգորյանը խոստացել էր հոկտեմբերի 27-ի վերաբերյալ բացահայտումներ անել: Ուստի նրա մահվան լուրը երեկ տարբեր կասկածների եւ ենթադրությունների տեղիք էին տվել:

Նկատենք, որ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի հանցախմբի առանցքային դերակատարներից էր: Նախկին դաշնակցական: Հունանյանի մանկության ընկերը: Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել Է. Գրիգորյանի ջանքերով. նա այս հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել: Նաեւ նա է «հավաքագրել» ու խմբի անդամների հետ ծանոթացրել Դերենիկ Բեջանյանին: Գործի նյութերից տեղեկացանք նաեւ, որ Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը մինչեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը շատ անգամ են եղել ԱԺ-ում, որտեղ էլ կատարել են ահաբեկչությանը նախորդած նախապատրաստական աշխատանքները՝ գծագրելով դահլիճի հատակագիծը, մասնավորապես ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շարքերն ու տեղերը՝ ըստ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, դահլիճից դուրս՝ ոստիկանական պահակակետերը, թիկնապահների եւ ոստիկանների հիմնական եւ հավանական գտնվելու վայրերը: Դեպքի օրը Գրիգորյանը հանցախմբի անդամներից Դերենիկ Բեջանյանի հետ ԱԺ մտել էր առաջին խմբից մի քանի րոպե հետո. մինչ այդ Նաիրի եւ Կարեն Հունանյանները իրենց քեռու` Վռամ Գալստյանի հետ մտել էին խորհրդարան:
Է. Գրիգորյանի մասին բավական հետաքրքիր ցուցմունքներ էր տվել Հունանյանների քեռին` Վռամ Գալստյանը: Մասնավորապես 2002թ. սեպտեմբերի 9-ին Վ. Գալստյանը՝ հայտարարելով, որ ինքն ինչ-որ ասելիք ունի, խնդրել էր կազմակերպել Նաիրի Հունանյանի, Էդիկ Գրիգորյանի եւ իր առերես հարցաքննությունը: 2002թ. սեպտեմբերի 11-ին նա ասել էր. «Էս փսլնքոտները ուզում էին հեղաշրջում անել, անմեղ աբեղաներ են ձեւանում, ինձ էլ խաբեցին», «Մինչ օրս էլ կան ուժեր, որ պաշտպանում են Էդիկ Գրիգորյանին: Իսկ էդիկը սուրբ է ձեւանում», «Կարենը ասաց, որ Էդոն Դերոյի հետ խոսել է Դերոյի մասնակցության մասին, եւ նա մասնակցելու է», «Հանցագործության ամենակարեւոր կազմակերպիչը Էդիկ Գրիգորյանն է, եւ նա գիտի, թե ինչ ուժեր են կանգնած իրենց ետեւում: Միայն նա ու Նաիրին գիտեն, թե հոկտեմբերի 27-ին որ պատգամավորը պետք է մոտենար ու զենքի պահունակներն իմ ձեռքից վերցներ: Ինձ խաբել են…»: 2002թ. սեպտեմբերի 16-ին Վ. Գալստյանը հայտարարել էր. «Նաիրին ու Էդիկը գիտեն կազմակերպիչներին, այդ մասին ինձ ասել է ինքը՝ Էդիկը… Թող Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի»:
Իսկ ահա 27-ի գործով վկաներից մի քանիսն իրենց ցուցմունքներում Է. Գրիգորյանին ներկայացրել են որպես «ամենախեղճուկրակը»: Հատկապես, որ դահլիճ մտնելիս միայն նրա ձեռքին չի եղել ինքնաձիգ, այլ զինված է եղել ատրճանակով: Իսկ անձամբ Էդիկ Գրիգորյանն էլ դատարանում ցուցմունքներ էր տվել, որ իրենք սկզբում կրակելու որոշում չեն ունեցել, այլ միայն ԱԺ մտնելուց հետո էր «հստակեցվելու եւ ճշտվելու անելիքը», նաեւ ասել էր, որ ինքը հետեւել է վիրավորների վիճակին:
Մինչ այդ, նկատենք, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս 18 տարիների ընթացքում հերթով մահացան կարեւորագույն վկաները, նաեւ մեղադրյալներից մի քանիսը:
2000թ. օգոստոսի 29-ին իր բանտախցում էլեկտրահարվեց ահաբեկչական խմբի անդամներից Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ: Ընդ որում, մասնագիտությամբ էլեկտրիկ Եղիազարյանը բանտախցում էլեկտրահարվեց դեռ գործի նախաքննության փուլում:
2004թ. ապրիլի 16-ին Նուբարաշենի մեկուսարանում կախված հայտնաբերեցին հանցախմբի անդամներից Վռամ Գալստյանին` գլխավոր ոճրագործներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռուն: Մինչ այդ նա հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր բաներ ունի ասելու, դրա համար էլ բանտախցից մեկուսարան էին տեղափոխել: Երբ հայտնի դարձավ, որ Գալստյանը մահացել է, մի խումբ իրավապաշտպաններ անմիջապես այցելել էին մեկուսարան եւ արձանագրել, որ կախվելու միջոցով ինքնասպան եղած Գալստյանի ոտքերը կպած են եղել հատակին:
2010 թ. մայիսին հանկարծամահ եղավ խմբի մեկ այլ անդամ՝ Համլետ Ստեփանյանը: Նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, եւ 2013 թվականին պատժի ժամկետը կլրանար: Մահվան պաշտոնական պատճառը` սրտի կաթվածն էր:
Ու հիմա, փաստորեն, մահացավ նաեւ Էդիկ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է գործով անցնող կարեւոր վկաներին, ապա 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում` կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր:
2004 ավտովթարից մահացավ 27-ի գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Նա ԱԺ արդեն նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:
2004-ի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ավտովթարից մահացավ նաեւ ԱԺ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը. նա հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարեւորագույն վկաներից էր: Այն մարդն էր, որ հայտնել էր, թե դեպքի օրը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում մի խումբ դիմակավորված անձանց է տեսել:
Գործով կարեւորագույն վկա, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին, հենց իր տան շքամուտքում:
2014թ. մարտին ԱՄՆ-ում մահացավ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը։
Հ.Գ. Փաստորեն, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՊԱՀՈՎՎԱԾԸ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը` 100 հազար դոլարով, մյուսը` 200 հազար դոլարով: Դրանք նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը` 6600 եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո: Ավակյանի տիկինը` Էլինա Սահակյանը, անցած տարի եւս գնումներ է արել. նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 123 հազար դրամ: Փաստորեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման ու միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են:

 

 

 

«ԱՅՈ»-Ն
Երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մինչ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկը, լրագրողներին խոստացավ, որ դուրս կգա եւ կպատասխանի հարցերին։ Սակայն նա նախապայմաններ կայացրեց, որ եթե մինչ 18:00 ավարտի, կպատասխանի, եթե ոչ՝ ոչ, քանի որ ուշանում է: Ուղիղ մեկուկես ժամ մեզ սպասեցնելուց հետո դահլիճից անձինք դուրս եկան եւ փոխանցեցին, թե Վիգեն Սարգսյանը ներողություն է խնդրում, բայց ինքը շտապում է եւ խնդրում է իզուր չսպասել, քանի որ հարցերին չի պատասխանելու։ Սակայն լրագրողները ի վերջ որոշեցին համառ գտնվել ու սպասել մինչեւ վերջ: Երկու ժամ 15 րոպե անց Վիգեն Սարգսյանը դուրս եկավ, տեսնելով իրեն շրջապատած լրագրողներին՝ նախ ասաց, թե նախանձում է մեր համբերությանը, ապա համաձայնեց ընդամենը մեկ հարցի պատասխանել։ Եվ երբ հարցը հնչեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի դիմումից հետո, եթե փաստաթղթերը հրապարակվեն, կասկածները կվերանան, որ Դուք խախտումներով չեք ազատվել ծառայությունից, նա պատասխանեց՝ այո՛, եւ հեռացավ՝ նշելով, թե մեկ հարցի էր խոստացել պատասխանել:

 

 

 

12 ՀԱԶԱՐՈՎ ՊԱԿԱՍ
Այս տարվա 9 ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 12 հազար ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից` «Զվարթնոցից» եւ «Շիրակից», ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները: Մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, իսկ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունը` մեծ:

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԻՍՏԵՐԻՆ
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ-ում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել են անդամ պետությունների տնտեսական, ինչպես նաեւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր:

 

 

ՁԵՌ ՉԻ ՏՎԵԼ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը, հայտնել է, որ նորություն չէ, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է եւ միշտ էլ հայտարարել է այն մոտեցման մասին, որը կա Բաքվում: «Նախատեսված է, որ պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, բայց հստակություն դեռ չկա ժամկետների առումով: Ժնեւյան հանդիպումից հետո այն ջղաձիգ հայտարարությունները, որոնք եղան Բաքվում, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենեւին էլ Ադրբեջանի նախագահին ձեռ չի տվել»,-ասել է Շ. Քոչարյանը: Փոխնախարարի խոսքով` Սերժ Սարգսյանի հայտարարության ակնարկը հետեւյալն է` եթե Ադրբեջանը խելքի գա, եւ իրոք լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավալի կլինի. «Այսօր, սակայն, դրա որեւէ նշան չկա: Ես հիմա հրաժարվում եմ խոսել փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը, բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմից զիջումների մասին, կոպիտ սխալ է: Դա կլինի զիջում, ոչ թե փոխզիջում»,-շեշտել է փոխնախարարը:

 




Լրահոս