ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը
1. Կողմերն ընդունում են, որ փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի արտադրությունը եւ առեւտուրը, ինչպես նաեւ դրանց հավելյալ կուտակումը, կառավարման ցածր մակարդակը, ոչ պատշաճ ապահովված պաշարները եւ դրանց չվերահսկվող տարածումը շարունակում են սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
2. Կողմերը համաձայնում են պահպանել եւ լիարժեքորեն կատարել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի հետ կապված իրենց համապատասխան պարտավորությունները՝ համաձայն այն առկա միջազգային համաձայնագրերի, որոնց կողմն են նրանք հանդիսանում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ինչպես նաեւ համաձայն այդ ոլորտում կիրառելի այլ միջազգային փաստաթղթերի շրջանակներում դրանց հանձնառությունների, ինչպես օրինակ՝ Բոլոր ոլորտներում ՓՏԶԹԶ-ների ապօրինի առեւտրի կանխարգելմանը, դրա դեմ պայքարին եւ արմատախիլ անելուն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը:
3. Կողմերը պարտավորվում են համագործակցել եւ ապահովել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի եւ ավելորդ կուտակումների ոչնչացման հետ կապված իրենց ջանքերի շուրջ համակարգումը, փոխլրացումը եւ սերտ համագործակցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ, համապատասխան դեպքերում, ազգային մակարդակներով:
4. Ավելին՝ Կողմերը համաձայնում են համագործակցել սովորական զենքերի վերահսկման ոլորտում՝ ռազմական տեխնոլոգիայի եւ սարքավորումների արտահանման վերահսկողությունը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանող՝ Խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի ընդհանուր դիրքորոշմանը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական օրենսդրությանը համապատասխան:
5. Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:
Ահաբեկչության դեմ պայքարը
1. Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխարգելման կարեւորությունը եւ համաձայնում են միասին աշխատել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու համար:
2. Կողմերը համաձայնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականացվի՝ լիովին պահպանելով օրենքի գերակայությունը եւ միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը, փախստականների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը եւ միջազգային մարդասիրական օրենսդրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին եւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր համապատասխան միջազգային փաստաթղթերին լիովին համապատասխան:
3. Կողմերը կարեւորում են ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր կոնվենցիաների եւ արձանագրությունների համընդհանուր վավերացումը եւ լիարժեք իրագործումը: Կողմերը համաձայնում են շարունակել խթանել «Միջազգային ահաբեկչության մասին» համապարփակ կոնվենցիայի նախագծի վերաբերյալ երկխոսությունը եւ համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների կիրառման շուրջ: Կողմերը նաեւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի շուրջ միջազգային համաձայնությունը խթանելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը
1. Ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում իրենց համագործակցության մեջ Կողմերը պետք է հատկապես կարեւորեն օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի եւ քրեական գործերով դատավարական երաշխիքների եւ տուժողների իրավունքների ապահովումը:
2. Կողմերը պետք է լիովին համագործակցեն իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության շուրջ:
3. Մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հարգելը եւ խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության եւ արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը:
Անձնական տվյալների պաշտպանությունը
Կողմերը համաձայնում են անձնական տվյալների բարձր մակարդակով պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցել՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային իրավական փաստաթղթերին եւ ստանդարտներին համապատասխան:
Շարունակելի…

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ, ԱՊԱ ՄԵՌՆՈՒՄ է

Հայաստանում շինարարության ոլորտը կարծես թե կենդանության նշաններ է տալիս: Բայց չնայած սրան` այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այդ անկումը կազմել է 6.4 տոկոս: Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է 220 մլրդ 316 մլն դրամի շինարարությունը: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 214 մլրդ 478 մլն դրամի շինարարություն:

Նկատենք, որ հիմնականում նվազել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները` 25.6 տոկոսով` սեպտեմբերի դրությամբ կազմելով 2 մլրդ 524 մլն դրամ: Իսկ համայնքների միջոցներով իրականացվել է 612 մլն 700 հազար դրամի շինարարություն: Ըստ ԱՎԾ-ի՝ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները զգալի նվազել են` 20.7 տոկոսով:
Ուշագրավն այն է, որ միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարությունը 12.8 տոկոսով ավելացել է: Եթե այս տարվա սեպտեմբերին միջազգային վարկերով իրականացվել է 11 մլրդ 318 մլն 400 հազար դրամի շինարարություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 4 մլրդ 205 մլն 300 հազար դրամի:
Իսկ ահա Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով այս սեպտեմբերին իրականացվել է 252 մլն 500 հազար դրամի շինարարություն: Մինչդեռ նախորդ տարի եկեղեցու միջոցներով կատարվել է 88.4 մլն դրամի շինարարություն: Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս սեպտեմբերին բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները ավելացել են 1.9 տոկոսով` կազմելով 11 մլրդ 342 մլն դրամ:
Ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ մասնագետների, բնակչության թվաքանակի նվազումն է, որը տարիների ընթացքում իր բացասական հետեւանքներն է թողել եւ թողնում շինարարության ոլորտի վրա: Բացի այս` շինարարության ոլորտում պաշտոնապես արձանագրված անկումը պայմանավորված է նաեւ օտարերկրյա ներդրումների պակասով: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը: Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց: Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Քոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ Սարգսյանին էր վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս երկրում շինարարության տեմպերի բարձր աճ ապահովելն է: Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց ավելի քան 1 տարի է անցել, սակայն դեռ դրական տեղաշարժ չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Ժիրայր Սէֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր հրապարակել է իր հռչակագիրը:
Հռչակագրում ասվում է.
«Անկախ ՀՀ հռչակումից՝ Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր ՀՀ իշխանությունները, ներդնելով ո՛չ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ, հետեւողականորեն ոչնչացնելով հանրային եւ անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտար ուժերին՝ արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին…
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ վիճակն օրհասական է, եւ հիմա է որոշվում Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի հետագա գոյության ճակատագիրը, առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատեւումն ընդհանրապես.
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ՝ կասեցնելու Հայաստանի Հանրապետության վերջնական փլուզումն ու ինքնիշխանության կորուստը, վերացնելու Հայաստանի Հանրապետության՝ 1990 թ. Անկախության հռչակագրի դրույթներին հակասող սահմանադրական, օրենսդրական բոլոր ակտերը, պայմանագրերը եւ փաստացի դրսեւորումները՝ վերջ դնելով երկրի գաղութացման բոլոր նկրտումներին,
Բացառելու Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ որեւէ առեւտուր կամ սակարկություն, Հաստատելու ազգային համերաշխության, գիտակցված եւ ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն,
ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճակատի ստեղծումը: Ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով: Խորապես համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդն ունակ են վերջ տալու փլուզման ներկա գործընթացին, կառուցելու քաղաքացուն եւ հայ մարդուն հարիր արժանապատիվ պետություն: Համոզված ենք, որ տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկա հոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել: Ակնկալում ենք կամք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիների ու արտերկրում բնակվող մեր հայրենակիցների՝ այս խնդրով մտահոգ մարդկանց համախմբումը, համազգային ներուժի ձեւավորումը: Ճակատը բաց է հռչակված նպատակներին հասցնող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկների համար:

 




Լրահոս