«ՍԱՆԻՏԵՔ»-ՈՒՄ ՄԱՔՐՈՒՀՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ ՍՏՐՈՒԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում աշխատող քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն, վաղուց հայտնի փաստ է: Մեր հանրապետությունում գործատուների կամայականություններից տուժող քաղաքացիները վախեցած են, ու քչերն են իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում իրավաբաններին կամ իրավապահներին:

«Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում բազմաթիվ քաղաքացիներից, որոնց գործատուները ստիպում են աշխատել շաբաթ-կիրակի օրերին, գիշերային ժամերին, վնասակար պայմաններում, սակայն այդ ամենի դիմաց չեն վճարվում: Նման մի ահազանգ էլ «Ժողովուրդ»-ը ստացել է Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության գիշերային մաքրուհիներից, որոնք գիշերները անքուն, ընտանիքից կտրված մաքրում են քաղաքի փողոցները: Նրանք պնդում են, որ իրենց աշխատանքային իրավունքները ոտնահարվել են:
«Երբ մեզ մոտ երեք տարի առաջ աշխատանքի ընդունեցին, խոստացան, որ ամսական 500 դոլարին համարժեք աշխատավարձ են վճարելու: Բայց դրանից հետո մեզ վարձատրեցին ամսական 105 հազար դրամ: Մենք աշխատում ենք կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 08:00-ն: Բողոքեցինք, շատերը զզվեցին, դուրս եկան աշխատանքից, բայց այդ ամենից հետո ոչինչ չփոխվեց»,-«Ժողովուրդ»-ին իրավիճակը ներկայացրեց «Սանիտեք»-ի գիշերային մաքրուհիներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Մեկ այլ մաքրուհու պատմելով էլ՝ նախկինում եւս մեծ գումարներ չեն աշխատել: Երբ Երեւանի քաղաքապետարանի կողմից են վարձատրվել, 10 հազար 500 մետր մաքրելու համար ստացել են ամսական 110 հազար 500 դրամ: Բայց երբ «Սանիտեք»-ն է սկսել զբաղվել քաղաքի աղբահանության հարցով, գիշերային մարքուհիների աշխատավարձը ոչ միայն կտրուկ նվազել է, այլեւ աշխատանքի ծավալն է ավելացել:
««Սանիտեք»-ը մեզ պարտադրեց մաքրել 20 հազար մետրից ավելի տարածք, բայց դրա դիմաց վճարում է 105 հազար դրամ: Բայց մեզ խոստացել էին բոնուսներ, հավելավճարներ տալ, էն էլ չկա: Ի դեպ, աշխատանքային պայմանագրում գրված է, որ գիշերային աշխատողը պետք է 32 հազար դրամ հավելավճար ստանա: Բայց այդ 32 հազար դրամը մենք այս երեք տարվա մեջ չենք ստացել: Մեզ գիշերն աշխատացնում են եւ հայտարարում են, որ դա ձեր աշխատանքային 8 ժամն է, բավարարվեք»,- բողոքեց մեկ այլ գիշերային մաքրուհի:
Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածում (արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը) սեւով սպիտակի վրա նշված է, որ արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Նաեւ կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը:
Իսկ ահա 185-րդ հոդվածում (աշխատանքի վճարումը ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի ու հանգստյան օրերին) նշված է, որ 1. Հանգստյան եւ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե դա նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով:
Բացի այս՝ գիշերային մաքրուհիները պարբերաբար բախվում են այլ խնդիրների: Ըստ իրենց աշխատանքային պայմանագրի` իրենց մի քանի օր հանգիստ է հասնում, որից չեն կարողանում օգտվել: Իսկ մեկ օր տանը մնալու կամ անձնական գործով զբաղվելու համար ստիպված են լինում վերադասների հետ «մեծ պատերազմ» ունենալ: Իսկ այդ «պատերազմում» ոչ բոլորին է հաջողվում հաղթանակած դուրս գալ: «Ժողովուրդ»-ին դժգոհած մեկ այլ գիշերային մաքրուհի պատմեց, որ աշխատողների են պարբերաբար կրճատում, բայց նորերի չեն ընդունում աշխատանքի, իսկ եղածներին ստիպում են ազատվածներին հատկացված տարածքները եւս մաքրել՝ բնականաբար առանց հավելավճարի: Ի դեպ, աշխատավարձի բարձրացման հարցով մաքրուհիները վերջերս էլի դիմել են նաեւ ընկերության տնօրինությանը, բայց անարդյունք: Այս առիթով անգամ իրենք գործադուլ էլ են հայտարարել: Կրկին անարդյունք:
Գիշերային մաքրուհիները դժգոհեցին նաեւ, որ իրենց վերադասները հաճախակի պաշտոնեական դիրք են չարաշահում եւ կոպտում են, վիրավորում իրենց, անգամ հարվածել են: «Ժողովուրդ»-ին դժգոհած մաքրուհիները փոխանցեցին, որ վերջերս մի դեպք է եղել, երբ վերադասը առանց այն էլ վատառողջ մաքրուհիներից մեկին հարվածել է, ինչից խեղճ կինն ավելի է վատացել: Իսկ այս ամենի առաջ ընկերության տնօրինությունը աչք է փակում: Գիշերային մաքրուհիների կողմից բարձրաձայնված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Սանիտեք»-ից, որտեղից խոստացան զանգել: Սակայն մինչեւ օրվա մեջ այդպես էլ չզանգեցին:
«Սանիտեք»-ում տիրող իրավիճակը կարծես թե չի մտահոգում երեւանցիների խնդիրներով զբաղվող, քաղաքապետի աթոռը զբաղեցրած պարոն Տարոն Մարգարյանին: Հուսանք, որ մեր այս հրապարակումը եւս չի վրիպի Երեւանի քաղաքապետի աչքից, եւ նա հետեւողական կլինի այս հարցի լուծման խնդրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՅՈՒՋԵՆ ՓՈՔՐ Է
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 44 միլիոն դրամի հատկացումներ: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատել է, որ վերջին մի քանի տարիներին Սփյուռքի նախարարությանը տրամադրվող հատկացումները, ինչպես նաեւ բյուջեի կատարողականները նույնությամբ կրկնվում են: Նա հետաքրքրվել է, թե ի՞նչն է պատճառը: Հրանուշ Հակոբյանն ասել է, որ մեր բյուջեն շատ փորք է, եւ այդ բյուջեի փոքրությունը հնարավորություն չի տալիս ընդլայնել հատկացումները: Նրա խոսքով՝ իրենք տասնյակ անգամ ավել անում են ոչ բյուջետային միջոցներով:

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Ըստ անշարժ գույքի գնահատման տնօրեն Արա Ադուրյանի՝ անշարժ գույքի գնահատման ոլորտում, ինչպես եւ մյուս բոլոր ոլորտներում, խնդիրները կան: «Այլ երկրներում վարկը հիմնականում տրամադրվում է վարկառուի անձնական որակների հիման վրա, իսկ մեզ մոտ ավելի կարեւոր է գրավը, քանի որ այլընտրանք չկա»,-նշել է Ադուրյանը: Նրա խոսքով՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան հանձնաժողովի մասնագետները, սակայն, պարբերաբար քննարկումներ են կազմակերպում այս խնդիրների լուծման ճանապարհները գտնելու նպատակով:

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ բնապահպանության նախարարության ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2 ապօրինի արածեցման եւ 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ եւ 12 կգ խեցգետին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:
Հայտնաբերվել է 13 անտառխախտման դեպք եւ արձանագրվել 263 ապօրինի հատված ծառ: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ եւ փոխանցվել ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին:
Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ի հարակից անտառամերձ տարածքներում հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքեր: Արձանագրվել է հատված թվով 36 ծառ եւ 3 ճյուղ:

 




Լրահոս