ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ լարված իրավիճակ է եղել «Առինջ մոլ»-ում, որտեղ կրկին բախվել էին առևտրականներն ու ՊԵԿ աշխատակիցները: Բանն այն է, որ առևտրի ամբողջ տարածքով մեկ մեծ թվով ՊԵԿ աշխատակիցներ են շրջում եւ հերթապահություն են սահմանում՝ հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալուց:
Երեկ մոլի առեւտրականները փակել էին իրենց տաղավարները, որպեսզի փակեին Երևան-Աբովյան ճանապարհը, սակայն առևտրականների խոսքով, մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը թույլ չի տվել: Սակայն այսօր մոլում իրավիճակը հանգիստ է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը նշեց, թե այսօր ՊԵԿ աշխատակիցները չեն եկել, տարածքում հանգիստ իրավիճակ է տիրում, առևտրականներն էլ աշխատում են:
Հիշեցնենք, առեւտրականները դժգոհ են, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում, որը եւ ժամանակատար է, եւ ծախսատար, եւ այս առիթով արդեն մի քանի բողոքի ակցիա են արել ԱԺ-ի մոտ, մոլի տարածքում, ինչպես նաեւ բախվել են մոլ այցելած ՊԵԿ աշխատակիցների հետ: Իրենց խնդրով առեւտրականները եկել էին նաեւ կառավարություն, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նրանց չէր ընդունել: