Որ բացառիկ դեպքերում կարող է տարկետում տրամադրվել. աղմկահարույց նախագիծը լրամշակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հարցը ներկայացնելիս նշեց, որ մինչ այժմ ներկայացված առաջարկներից որոշներն ընդունվել են եւ համապատասխան փոփոխություններ են արվել: «Գործող եղանակը, որ այժմ կա, դա ոչ պաշտպանական ոլորտին է  դրական ազդում, ոչ էլ գիտության ոլորտի զարգացմանն է նպաստել, վնասելով և մեկին, և մյուսին»,- ասել է Զաքարյանը։

Նրան հարց տվեց միայն Ֆելիքս Ցոլակյանը, որը խոսել է սպորտային գումարտակների մասին։ «Մենք անցած անգամ շատ ռիսկերի մասին խոսեցինք: Ես մտածում եմ, որ Կրթության մասին օրենքը պետք է վերանայվի և հստակ սահմանում տալ, թե որն է տաղանդավոր երեխան, ում հետագայում կկարողանանք տարեկետում տալ: Սրա վրա է հիմնական շեշտադրումը: Ոնց ենք որոշելու՝  որ երեխան պետք է ազատվի, որը՝ ոչ», – նշեց նա:

Զաքարյանը նշեց, թե դա հետագայի  հարց է: «Եթե ինչ-որ ժամանակ տեսնենք, որ այդ նվաճումները չկան կամ սպառվել են, ապա զինապարտ լինելու պարտականությունը նրանց չի շրջանցի: Ճիշտ եք ասում՝  այստեղ պետք է հետևողականորեն մշակել այն խնդիրները, որ չափելի դարձնեն՝  ինչն ենք չափում, որպես ակնառելի ձեռքբերում», – հավելեց նա:

Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էլ նշեց,  թե իր համար օրենքը լիովին ընդունելի է: «Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնեմ: Նախագիծը խիստ արդիական է, բխում է ժամանակի պահանջներից: Նախագծում ես հավասարության լուրջ էլեմենտներ եմ տեսնում: Նախագիծը որևէ մեկին չի խոչընդոտում, այլ հակառակը հնարավորություն կտա, որպեսզի գիտությամբ զբաղվեն մարդիկ, ովքեր շնորհք ունեն և իրավունք ունեն գիտությամբ զբաղվելու», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝ ուսման համար տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։




Լրահոս