Ապօրինի ծառահատումների հետքերով. դատարանի առաջ կանգնած անձանց թիվը հասավ 18-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, կաշառք տալու դեպքեր էր բացահայտել: Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման առիթով 10 քրգործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ: Սակայն այսքանով չի ավարտվում ապօրինի ծառահատման գործով դատարանի առաջ կանգնած անձանց թիվը, այն գնալով ավելանում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապօրինի ծառահատման գործով եւս 4 անձ հայտնվել է դատարանի առաջ: Մասնավորապես Մանվել Լալայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. աշնանը իր «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենայով փայտանյութ ձեռք բերելու համար պարբերաբար գնացել Է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող, Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր ու հատել Է 4 հատ հաճարենի, 1 հատ բոխի, 1 հատ քամատապալ կաղնի տեսակի ծառեր ու 1 հատ հաճարենի տեսակի ծառի ճյուղ՝ այսպիսով բուսական աշխարհին պատճառելով 497.250 դրամի վնաս:

Սարգիս Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. նոյեմբեր-դեկտեմբերին փայտանյութ ապօրինի ձեռք բերելու համար պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող «Բոխու աղբյուր» կոչվող հանդամաս, հատել է 4 հատ բոխի, 2 հատ քամատապալ բոխի, 1 հատ հաճարենի տեսակի ծառեր եւ 3 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր՝ բուսական աշխարհին պատճառելով 258 հազար 750 դրամի վնաս:

Արմեն Վարդեւանյանն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող «Բոխու աղբյուր» կոչվող հանդամասում հատել է 13 հատ բոխի տեսակի ծառեր եւ 2 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր՝ բուսական աշխարհին պատճառելով 402 հազար 000 դրամի վնաս:

Մայիս Սիմոնյանը մեղադրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող, Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզրին հատել է 4 հատ հաճարենի տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 472 հազար 500 դրամի վնաս:

Սերոբ Լալայանին մեղադրանք է առաջադրվել, որ 2016թ. նոյեմբերից մինչեւ 2017թ. մարտ ամիսը գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր, ու հատել է 5 հատ հաճարենի տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 460 հազար 500 դրամի վնաս:

Այսպիսով՝ ապօրինի ծառահատման համար դատարանի առաջ կանգնած անձանց թիվը հասավ 18-ի, իսկ պետությանը հասցված վնասը, հաշվի առնելով միայն 2017թ. դատարան մտած գործերի թիվը, կազմում է շուրջ 7 միլիոն դրամ:

Քնար Մանուկյան




Լրահոս