ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը «Դի ընդ Էյջ գրուպ» ընկերության հետ առաջիկայում կկնքի հրաժարագնի պայմանագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՀՀ-ի հանդեպ 10 մլն դոլարի չափով վարկային պարտավորություններ ունի, որը չկարողանալով մարել` պատրաստվում է դրա դիմաց ՀՀ-ին օտարել Երեւանում սեփականության իրավունքով իրենց ընկերությանը պատկանող հասարակական նշանակության մի մեծ տարածք: Խոսքը Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, N296 հասցեում գտնվող 1 հազար 719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի եւ դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասի մասին է: Ի դեպ, նշված տարածքների շուկայական արժեքը նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատվել է 1 մլրդ 240 մլն 423 հազար դրամ:
Ինչպես արդեն նշեցինք՝ ընկերությանը տրամադրված է եղել 10 մլն դոլարի բյուջետային վարկ: ՀՀ կառավարությանը օտարվող գույքը՝ դոլարային արտահայտությամբ, ստացվում է, որ գնահատվել է 2 մլն 500 հազար դոլարից մի փոքր ավել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օտարվող տարածքը ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը հետագայում անհատույց անժամկետ օգտագործման նպատակով պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոն ստեղծելու համար: Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը սոցիալական ծառայության կենտրոնի միայն տարածքի ձեռքբերման համար ծախսելու է ավելի քան 2,5 միլիոն դոլար:
Ի դեպ, վերը նշված ընկերությանը պատկանող շենքը ունի երկար ու մութ պատմություն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության՝ 2013 թվականի որոշմամբ՝ Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին բնակարաններով պետք է ապահովեր «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ն: Այդ որոշմամբ իբր պետք է լուծվեր Արամի 72-80 շենքերում բնակարանների սպասող անձանց խնդիրը: ՀՀ կառավարության կողմից «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականին տրամադրված 10 մլն դոլարի վարկը պետք է մարվեր մինչեւ 2022 թվականը:
Նախկին նման դեպքերի փորձը հաշվի առնելով՝ ամենեւին էլ բացառված չէ, որ նշված տարածքը մեկ կամ երկու տարի հետո ՀՀ կառավարությունը կորոշի ետ վերցնել ու սեփականաշնորհել, որից հետո մի քանի թղթաբանության արդյունքում այդ տարածքը կդառնա այս կամ այն պաշտոնյայի սեփականությունը: Ամեն ինչ կանեն «օրենքի շրջանակներում», եւ թող դրանից հետո որեւէ մեկը համարձակվի ՀՀ կառավարության ներկայացուցիչներին մեղադրել կոռուպցիոն սխեմաներ աշխատացնելու մեջ:
Սյունէ Համբարձումյան