Հանդիսատեսի շրջանակի ընդլայնում ավելի շատ նկատում ենք արտերկրում, քան Հայաստանում. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «The Beautified Project»-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ զրուցել է խմբի ներկայիս գործունեության, սպասվելիք անակնկալների մասին։ Անդրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է 12 տարբեր երկրներում։ Նա նաեւ պատմել է երգչուհի Մարիամ Պետրոսյանի հետ իր համագործակցության, արտերկրում ունեցած հաջողությունների մասին։

-Անդրե՛, վերջին ամիսներին կարծես թե լուռ եք, ինչո՞ւ։ Երկրպագուների համար նորություններ ունե՞ք։

-Այո՛, օրերս թողարկելու ենք նոր տեսահոլովակ, որը նվիրված է համաշխարհային համերաշխությանը։ Տեսահոլովակը նկարահանել ենք 12 տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլն։

-Դա ինչ-որ հատուկ պատվե՞ր էր, թե՞ հենց Ձեր նախաձեռնությունն էր։

-Մենք ենք նախաձեռնել, քանի որ համերգային շրջագայության էինք մի շարք երկրներում։ Այդպիսով, առիթը բաց չթողեցինք։ Երգը կոչվում է «One more day», երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ։ Նշեմ նաեւ, որ մեր խումբն ընդգրկված է մի նախագծում, եւ շուրջ կես տարի պետք է լինենք Անգլիայում, արդեն 2018-ին էլ երկու-երեք նոր տեսահոլովակ կներկայացնենք։

-Իսկ տարբեր երկրներում ունեցած համերգային շրջագայությունն ինչպե՞ս անցավ։ Հայ համայնքի համար ելույթներ ունեցա՞ք։

-Մեր համերգներին, առհասարակ, հայեր լինում են։ Ամեն բան կախված է տվյալ երկրից։ Գերմանիայում, օրինակ, մեր համերգներին հայեր երբեք չեն գալիս։ Կամ, օրինակ, Ավստրիայում, սովորաբար, դահլիճի կեսը լցնում են հայերը, կեսը՝ օտարազգիները։ Բայց հիշում եմ նաեւ, որ 2016-ին երգչուհի Սիբիլի հետ Հոլանդիայում ունեցանք մեծ համերգ, եւ ես հաճելիորեն զարմացել էի, որ ամբողջ դահլիճը լիքն էր այն դեպքում, երբ դրանից առաջ ոչ մի անգամ Հոլանդիայում չէի եղել։

-Անդրե՛, հետաքրքիր միքսեր, նոր համագործակցություններ, ինչպես եղավ, օրինակ, Սոնա Ռուբենյանի դեպքում, Ձեզնից սպասե՞նք։

-Անպայման։ Հիմա տեսահոլովակ ենք նկարում երգչուհի, երգահան Մարիամ Պետրոսյանի հետ դուետի հիման վրա։ Դա նորություն կլինի բոլորի համար։ Մարիամը տարիներ առաջ մասնակցել է «Հայ սուպեր-սթարին», շատ տաղանդավոր երգչուհի է։ Վերջերս լսեցի նրան, շատ հավանեցի, եւ որոշեցինք նրա գործերից մեկի հիման վրա զուգերգ կատարել։

-Իսկ առաջիկայում հայ հանդիսատեսի համար համերգներ կունենա՞ք։

-Քանի որ, ինչպես նշեցի, ընդգրկված ենք մի քանի նախագծերում, առաջիկայում նման բան չենք նախատեսում։

-Ի՞նչ եք կարծում՝ Ձեր հանդիսատեսի շրջանակը վերջին երկու տարվա կտրվածքով ընդլայնվե՞լ է։

-Ընդլայնվելու միտում ավելի շատ արտերկրում եմ զգացել, քան Հայաստանում։ Ներսում մեր հնարավորությունները մի փոքր սահմանափակ են, հատկապես, երբ չենք փորձում հանդես գալ էստրադային, փոփ ժանրում։ Առհասարակ, ինձ դուր չի գալիս, որ հանդիսատեսը մեր համերգին գալիս է միայն մեկ երգի համար։ Փոխարենը նախընտրում եմ ունենալ հանդիսատես, որը կիմանա մեր բոլոր երգերը։

Ներսի հանդիսատեսի համար մեր խումբը արել է մաքսիմալը՝ կոմերցիային մոտենալու համար։ Սրանից ավել եթե ինչ-որ բան անենք, արդեն ստիպված կլինենք փոխել խմբի պրոֆիլը։ Իսկ մենք դա չենք ուզում։ Արվեստի մարդու համար ամենակարեւորն այն է, որ նա շարունակի ստեղծագործել։ Իսկ երկրպագուները կարող են մեկ շատանալ, մեկ քչանալ։ Պետք է կենտրոնանալ ստեղծագործելու հաճույքի վրա եւ չշեղվել այդ ճանապարհից։

Աննա Բաբաջանյան




Լրահոս