Շառլատանների բանակը կորզեց ամեն բան, հուսով եմ` հանդիպումս բանկի նոր ղեկավարների հետ դրական արդյունք կտա. Խաչիկ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից։ Այս մասին ահազանգել են մի խումբ մտավորականներ՝ դիմելով ՀՀ նախագահին եւ վարչապետին: «Խաչիկ Մանուկյանը իր հայրենիքը այնքան շատ է սիրում, որ որոշեց տնտեսապես օգուտ բերել ե՛ւ իրեն, ե՛ւ հայրենիքին: Նա փորձեց տնտեսության մեջ իր ներդրումն ունենալ, սակայն ավելի «գիտակները» խաբեցին նրան: Բանկը, որից պետք է ստանար գումարը, մուտքագրում չէր արել: Հետագայում կառավարիչը ինքնասպան եղավ, ու բանկը վաճառվեց ուրիշ մեկին: Բանկի ունեցվածքը գնաց գնորդին, բայց պարտականությունները՝ ոչ»,-նշել է Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ, որը կոչ էր արել օգնել բանաստեղծին՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Այժմ արդեն «Ժողովուրդ»-ը զրուցել է հենց իր՝ Խաչիկ Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, այս օրերին Ձեր թիկունքում աջակցություն զգացի՞ք։ Այնպիսի տպավորություն էր, որ արվեստագետների մի ստվար զանգված Ձեր կողքին էր։

-Նորություն չէ ասածս՝ այն, ինչ փողով գնվում է, արդեն էժան է։ Այդ սերը, այդ ոգեղեն ջերմությունը, իսկապես, ոչնչով չես փոխարինի։

-Շատերին է հետաքրքրում՝ տան հարցը, ի վերջո, լուծվե՞ց, թե՞ վտանգը դեռ կախված է Ձեր գլխին։ Հետաքրքիր կլիներ լսել հենց Ձեր մեկնաբանությունը՝ ի վերջո, ի՞նչ պատմության մեջ եք ներքաշվել։

-Խարդավանքների շղթայի վերջին փուլն է։ Հույս ունեմ, որ տվյալ բանկի նոր ղեկավարները խելամիտ կգտնվեն եւ առողջ որոշում կկայացնեն, հակառակ դեպքում՝ իրենք ժառանգորդն են հանդիսանում այն կառավարչի, որը, մի շարք վարկառուների (այդ թվում եւ ինձ) ֆինանսական լուրջ կորուստների մատնելով, ինքնասպան եղավ։ Բանկի գլխամասից եկած խաբեբաների, շառլատանների բանակի ներկայացուցիչները, որոնք սուտ խոստումներով մեզանից շարունակեցին կորզել հնարավոր ամեն բան, արդեն ազատված են պաշտոններից։ Այս չարաբաստիկ պատմությունն ամեն կերպ փորձեցին կոծկել։ Ամեն անգամ բանկի նոր պաշտոնյաները նոր խնդիրներ են առաջացնում։ Հուսով եմ՝ իմ հանդիպումը նոր ղեկավարների հետ դրական արդյունք կտա։ Տեսնենք։

-Իսկ կոնկրետ գրողական համայնքը Ձեր կողքի՞ն է այս դժվարին պահին։

-Շատերին ինքս եմ խնդրել, որ զուսպ լինեն։ Նրանց մի մասը, սեփական գրքերը վաճառելով, փորձում է ֆինանսական օգնություն ցուցաբերել. կրկին համոզվեցի, որ մեր երկրի իսկական տերերը ոգեղեն արժեքներ կերտող մեր տաղանդավոր եւ հպարտ հայրենակիցներն են։

-Պարո՛ն Մանուկյան, այս հոգեվիճակը, հուսով ենք, չի խանգարի Ձեր ստեղծագործական գործունեությանը, կեցության հարցը չի մղվի առաջին պլան։
-Ստեղծագործելուն միայն մի բան կարող է խանգարել՝ երբ վերջնականապես հեռանամ այս հրաշալի մոլորակից։ Մենք, աստվածային արժեքները շրջանցելով, հաճախ չարության թունավոր շնչին ենք հաղորդվում. մի ստեղծագործության մեջ մի քիչ կոպտորեն հնչեցրել եմ.
Սերը շրջանցող տարածության մեջ
Ի՜նչ էին փնտրում այս լակոտները՝
Ադոլֆ, Բոնապարտ, Մակեդոնացի…
Անհագուրդ հոգու մանվածքի վրա
Անսերությունն է կուրացնում մարդուն,
Կուրացած աչքը սիրուց բացվում է։

Հավելենք, որ տեւական ժամանակ է՝ մտավորականները պայքարում են հանուն ընկերոջ՝ Խաչիկ Մանուկյանի։ Աշխարհի հայ նկարիչների միությունը եւ Հայաստանի գրողների միությունը համատեղ կատարել են նկարահավաք, եւ տպագրվել է «Նվիրաբերում» անունով պատկերագիրքը: Նվիրաբերված նկարները կվաճառվեն, այդ հասույթով կփակվի բանաստեղծի պարտքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս