ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր են մեղավոր անտառներում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի համար. պարզաբանում է «Հայանտառ»-ի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի թողտվության հանցագործությունների եւ կաշառք վերցնելու դեպքեր է բացահայտել: Նախօրեին էլ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա եւ դառնա առավել արդյունավետ գործող կառույց:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Միքայել Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում կրկին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Արդյո՞ք դրանում անտառային տեսուչներն են մեղավոր:

-Այսօր մեր տեսուչներն այդպիսի գործիքակազմ չունեն՝ իրենց աշխատանքները կատարելու համար: Մեր անտառապահն աշխատում է առավոտյան իննից մինչեւ երեկոյան վեցը, շաբաթ-կիրակի օրերը հանգստանում են: Այս պայմաններում ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերահսկել ապօրինի ծառահատումները: Եվ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը միայն անտառապահի գործը չէ, այստեղ նաեւ գործ ունի անելու ոստիկանությունը, բնապահպանական պետական տեսչությունը: Այս գործը միասին պետք է արվի, ոչ ոք առանձին-առանձին չի կարող պայքարել սրա դեմ:

-Այդ դեպքում ինչպիսի՞ լուծումներ կարող ենք ակնկալել:

-Այս պահին էլ մենք լուծումներ առաջարկել ենք: Նախագիծը կառավարությունում է, նախօրեին էլ վարչապետի մոտ քննարկում է եղել: Մենք պետք է փորձենք մեր անտառապահին այնպիսի կարգավիճակ տալ, այնպիսի գործիքակազմ ստեղծել, որպեսզի կարողանանք նաեւ նրանից պահանջել: Որոշ դեպքերում մենք այսօր պահանջ չենք էլ կարողանում ներկայացնել:

-Վարչապետի հետ հանդիպմանը հանձնարարականներ հնչեցին նաեւ: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել:

-Ընդհանուր հայեցակարգի մասով խնդիրներ չկան: Մի քանի մանր նրբություններ պետք է ճշտվեն արդարադատության նախարարության, մյուս գերատեսչությունների հետ: Սա է միակ խնդիրը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս