Ոստիկանության շուրջ օղակը գնալով սեղմվում է: Սա հատկապես հոկտեմբերի 23-ին ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի բավական կոշտ քննադատություններից հետո, երբ ի թիվս այլ խնդիրների՝ անդրադարձել էր հետախուզվող անձանց հայտնաբերելու հարցում ոստիկանների ցուցաբերած անգործությանը:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում:…Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է եւ շատ վտանգավոր»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Դրանից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը կոլգիտայի նիստում անդրադարձել էր նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներին, թերություններին: Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ կոլեգիայի նիստում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազները ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հարուցել են քրեական գործեր, եւ նախաքննությունը հանձնարարել հատուկ քննչական ծառայությանը:
Դատախազությունն իր հաղորդագրության մեջ նաեւ մանրամասներ էր ներկայացրել այդ գործերից: Օրինակ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ հայտարարվել հետախուզում: «Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից եւ նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին:
Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու եւ հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկ այլ դեպքում դեռ 2000թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում ավազակության համար հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի քաղաքացու, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ հետախուզում հայտարարելուց տասը տարի անց՝ 2012թ. դեկտեմբերի 14-ին, այդ քաղաքացին հատել է ՀՀ պետական սահմանը:
Մի դեպքում էլ, ըստ գլխավոր դատախազության, 2009թ. ապրիլին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով հետախուզում է հայտարարվել մի քաղաքացու նկատմամբ, ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր՝ նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել, եւ հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը Հայաստան:
Համաձայնեք՝ իրավապահ համակարգում բարձիթողի վիճակ է եւ այն էլ՝ տարիներ շարունակ: Ու պատահական չէ, որ այս ամենի վերաբերյալ ոստիկանությունից երեկ այդպես էլ որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում չեղավ. հավանաբար ասելիք չունեն: Իսկ պատճառաբանությունը, թե այդ դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում, հետեւաբար՝ տվյալ պահին նպատակահարմար չէ խոսելը, հիմնավոր չէ: Հատկապես, երբ հարցը գնալով ավելի ու ավելի մեծ հնչեղություն է ստանում. կոնկրետ դեպքերի վերաբերյալ հնչել են կոնկրետ մեղադրանքներ:
Միայն թե, հետաքրքիր է, ինչո՞ւ այս ամենի մասին որոշվեց խոսել հիմա, երբ տեղի ունեցած դեպքերը նոր չէին: Միգուցե Սերժ Սարգսյանը որոշել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության համար հիմքեր նախապատրաստել: Բայց այդ դեպքում պետք է նկատենք՝ կատարվածի համար պատասխանատվություն են կրում նաեւ նախկին ոստիկանապետերը. հիշեցնենք՝ 1999-2008թթ. ՀՀ ոստիկանապետը Հայկ Հարությունյանն էր, 2008-2011թթ. ոստիկանապետ նշանակվեց Ալիկ Սարգսյանը, իսկ 2011թ. առ այսօր ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է:
Բացի այդ՝ հետախուզվողներից մի քանիսը ՀՀ-ից հեռացել է սահմանը հատելու միջոցով, իսկ սահմանապահ ծառայություն իրականացնում է նաեւ ԱԱԾ-ն, որը վերահսկում է «ՍԷԿՏ» համակարգը, ու վերջապես, իրանական կողմին թարգմանված փաստաթղթեր չտալու մեղադրանքների սլաքներն էլ ուղղվում են դեպի ՔԿ: Ամեն դեպքում, ինտրիգը հետաքրքիր է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ