«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Իրավական համագործակցությունը
1. Կողմերը համաձայնում են զարգացնել քաղաքացիական եւ առեւտրային գործերի շուրջ դատական համագործակցությունը՝ քաղաքացիական գործերով դատական համագործակցության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիաների եւ, մասնավորապես, միջազգային իրավական համագործակցության եւ վեճերի, ինչպես նաեւ երեխաների պաշտպանության ոլորտներում միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի համաժողովի կոնվենցիաների վերաբերյալ բանակցությունների, դրանց վավերացման եւ կիրարկման մասով:
2. Ինչ վերաբերում է քրեական գործերով դատական համագործակցությանը, Կողմերը պետք է փորձեն ամրապնդել համապատասխան բազմակողմ համաձայնագրերի հիման վրա փոխադարձ իրավական աջակցության շուրջ համագործակցությունը: Համապատասխան դեպքերում այդպիսի համագործակցությունը պետք է ներառի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան միջազգային փաստաթղթերին միանալը եւ դրանք կատարելը, ինչպես նաեւ Եվրոդատի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ ավելի սերտ համագործակցությունը:
Հյուպատոսական պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ ցանկացած ներկայացված անդամ պետության դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները պետք է ապահովեն պաշտպանություն այնպիսի անդամ պետության ցանկացած քաղաքացու համար, որը Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական հասանելի ներկայացուցչություն տվյալ դեպքում արդյունավետորեն ապահովելու համար հյուպատոսական պաշտպանություն այն նույն պայմաններով, ինչ այդ անդամ պետության քաղաքացիների համար:
Տնտեսական երկխոսությունը
1. Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով։
2. Հայաստանի Հանրապետությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։
Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
Այդ նպատակով Կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝
ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ՝ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,
բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,
դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։
Պետական հատվածի ներքին հսկողությունը եւ աուդիտի միջոցառումները
Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության եւ արտաքին աուդիտի իրականացման հարցում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ապակենտրոնացված կառավարչական հաշվետվողականության սկզբունքին, այդ թվում՝ ամբողջ պետական հատվածի համար անկախ ներքին աուդիտի գործառույթին համապատասխան՝ պետական ներքին հսկողության համակարգի հետագա զարգացումը եւ կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտների, շրջանակային հայեցակարգերի եւ ուղեցույցների ու Եվրոպական միության պատշաճ գործելակերպի հետ ներդաշնակեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների ծրագրի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ստուգումների այնպիսի համարժեք համակարգի մշակումը, որը կլրացնի ներքին աուդիտի գործառույթը, այլ ոչ թե կկրկնօրինակի այն.
գ) Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանմանն աջակցումը եւ բարեփոխումների գործընթացն ուղղորդելուն առնչվող դրա կարողության ամրապնդումը.
դ) Վերահսկիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը՝ մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) [Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության] միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, եւ
ե) տեղեկությունների, փորձի եւ պատշաճ գործելակերպի փոխանակման գործընթացի ապահովումը։
Շարունակելի…