20 փաստաբան ընդդեմ Արա Զոհրաբյանի. պահանջում են անվավեր ճանաչել իրավաբանի դիպլոմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը: Այս մասին հայտնում է հայցվորներից մեկը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Վերջինս, մասնավորապես, նշում է.

«Խնդիրը կայանում է այն բանում, որ նա 1994-1999թ. ընթացքում առկա ուսուցմամբ սովորելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվում, հասցրել է միաժամանակ 1996-1998թթ. ընթացքում անցնել ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Մեզ բոլորիս միևնույն է և որևէ հետաքրքրություն չի ներկայացնում Ա. Զոհրաբյանի մասնավոր փաստաբանական գործունեությունը, սակայն մենք անթույլատրելի ենք համարում, որ մեր պետության միակ փաստաբանական կառույցի ղեկավարը ունենա մի դիպլոմ, որի վավերությունը առաջացնում է տարակուսանք և կասկածներ:

Բազմիցս նշել ենք, որ նրա գործունեությունը այդ պաշտոնում կործանարար է փաստաբանության համար և դա օրըստօրե դառնում է դառը իրականություն: Եթե դատարանը հիմնավոր համարի մեր փաստարկները, ապա որպես դրա իրավաբանական հետևանք պետք է դադարեցվի նաև փաստաբանական գործունեության արտոնագիրը և նա պետք է պաշտոնանկ արվի:

Թյուր կարծիքներից և պատկերացումներից խուսափելու համար նշենք, որ մենք չենք գտնում, որ փաստաբանության համար կործանարար վիճակի ստեղծումը պայմանավորված է զուտ մեկ անձի գործունեությամբ, դրան են մեծապես նպաստում ՀՀ փաստաբանների պալատի մենաշնորհային դիրքը, որը թույլ չի տալի փաստաբանին ընտրել, թե իր գործընկերներից ում հետ նա կարող է միավորվել մասնագիտական միավորման մեջ, ինչպես նաև պալատի ներքին կառուցվածքը, որը բացառում է հակակշիռների գոյությունը:

Վերջինիս բացակայությունը հանգեցնում է այլախոհության և տարակարծության բացառմանը և այդ ինստիտուտի լճացմանը, ինչու ոչ, նաև կատարյալ ձախողմանը, որի ականատեսն ենք վերջին տարվա ընթացքում դարձել բոլորս: Ուստի մեր հայցադիմումը ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ նպատակ ունի փրկել մեր մասնագիտությունը Հայաստանում և փորձել հիմքեր ստեղծել դրա հետագա վերականգման համար:

Հ.Գ. Իսկ շարքային, հրետանավոր Ա. Զոհրաբյանից դատավարության ընթացքում ակնկալում ենք մի շարք պարզաբանումներ՝ մեզ , որպես իրավաբանական ԲՈՒՀ-երի նախկին ուսանողների, ինչպես նաև մեզանից հատկապես նրանց, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն, շատ է հետաքրքիր, մասնավորապես, թե զորանոցային կամ մարտական դիրքերի պայմաններում ինչպես է հաջողվել նախապատրաստվել և հաջողությամբ հանձնել շուրջ 25-30 քննություն ու 30-40 ստուգարք»։




Լրահոս