Իշխանությունը տնտեսության մեջ ամեն տեղաշարժ ներկայացնում է որպես ներդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մեծ շուքով ազդարարվեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը պատրաստվում է Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ ՀՀ էներգետիկ ոլորտում 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: Հիշեցնենք, որ այս մասին դեռ նոյեմբերի 1-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում խոսել էր Սերժ Սարգսյանը: Իսկ նաարդեն այդ ծրագրի շնորհանդեսն էր:

Հատկանշական է՝ երեկվա միջոցառմանը չէր մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը երկրի տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուն է, եւ եթե հիշում եք՝ ինքն էր ժամանակին խոստացել առաջիկա հինգ տարում ապահովել 3.2 մլրդ դոլարի ներդրում: Փոխարենը ներդրումային ծրագրի շնորհանդեսին ներկա էր Սերժ Սարգսյանը՝ այսպես քաղաքական ու բիզնես շրջանակներին ցույց տալու, որ «զորահանդեսի հրամանատարը» ինքն է:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ծրագիրը: Այն իրականացվելու է առաջիկա տասը տարիների ընթացքում: Ինչպես նշված է ՀԷՑ պաշտոնական հաղորդագրության մեջ. «Մոտակա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»: Այլ կերպ ասած՝ «Տաշիրն» իր կազմում գտնվող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն արդիականացնելու եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ընթացիկ ծախսեր է անելու եւ ծախսելու է տարեկան միջինը 90 մլն դոլար:

Սա, նկատենք, որ ՀԷՑ-ի նման խոշոր ընկերության համար չնչին գումար է, քանի որ եթե ՀԷՑ-ը մի փոքր ջանք ներդնի եւ, օրինակ, էլեկտրաէներգիայի կորուստները մոտ 2 տոկոսով նվազեցնի, այդ գումարի մեծ մասն ինքնուրույն կունենա: Իսկ դա ընկերությունը կանի սեփական շահի թելադրմամբ որպես բիզնեսի արդյունավետ կառավարիչ՝ ի տարբերություն ՀԷՑ նախորդ սեփականատիրոջ:

Նախօրեին ներկայացված այդ ներդրումային ծրագրի հիմնական ինտրիգն այն էր, որ հիմնական գումարները նախատեսված են ծախսել 2019 թվականից: Այն ժամանակ, երբ Հայաստանում ավարտված կլինի իշխանության «վերաբաշխումը»:

Իսկ ներդրումներն էլ «Տաշիրը» ոչ թե ուղիղ կանի, այլ վարկային միջոցներով. նրանք արդեն հասցրել են վարկային պայմանագրեր կնքել միջազգային տարբեր կառույցների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ՝ շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մոտակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով»: Այսինքն՝ խոստացված 900 դոլարից 260 մլն-ը՝ մոտ 30 տոկոսը, վարկային միջոցներ են, իսկ մնացած գումարի մասով դեռ պետք է աշխատանք տարվի՝ այսինքն կախված 2019-ին ձեւավորված իշխանության բովանդակությունից ու ձեւից:

Իսկ ի՞նչ կապ ունեն այս գործընթացների հետ գործող իշխանությունները: Նրանք «Տաշիր» ընկերության կողմից իրականացված ներդրումները՝ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում: Սա, համաձայնեք, այնքան էլ ազնիվ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ գործ ունենք պարզ բիզնես հաշվարկի հետ, որը որեւէ առնչություն չունի իրական ներդրումների հետ. «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հաջողակ բիզնեսմեն է, կարող է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրում տարբեր բիզնես պրոեկտներ իրականացնել:

Ու նաեւ իր բիզնեսի կառավարման, զարգացման համար կարող է ընտրել վարկ վերցնելու կամ սեփական գրպանից ներդրումներ անելու տարբերակներից մեկը: Առավել եւս, երբ 2016թ. գնելով ՀԷՑ-ը «Տաշիր» ընկերությունը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժող է ներկայացրել ՀԷՑ-ում 2016-2020թթ. ներդրումային ծրագիրը, որը եւհաստատվել է հանձնաժողովի կողմից: Ու այսպես, թե այնպես նրա կողմից արվելիք ներդրումները որպես Հայաստանում գլխավոր ձեռքբերում մատուցելը, մեղմ ասած, սիրուն չէ: Բայց ՀՀԿ իշխանությունը ընտրել է հենց այս մեթոդաբանությունը ու տնտեսության մեջ ամեն տեղաշարժ ներկայացնում է որպես ներդրում՝ նույնիսկ բուտիկի բացումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս