«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը այսօր իր համաձայնությունը կտա այս հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացմանը: Ըստ այդմ, ՌԴ-ն հայկական կողմին տրամադրում է մինչեւ 100 մլն դոլար վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
100 մլն դոլարը օգտագործվելու է 2018-2022 թվականների ընթացքում: ՀՀ-ն վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ:
Բանն այն է, որ դեռեւս 2015 թվականի հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչեւ հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեեւ նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ անցած տարվա ամռանը: Հուսանք՝ այս դեպքում ռուսական կողմը չի դանդաղի: »
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: