Եթե այս տղային որեւէ բան պատահի, ողջ պատասխանատվությունը ընկնելու է առողջապահության նախարարության վրա. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանը մահանա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը:

Օրերս ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Լուիզա Սարգսյանի, Շաքե Իսայանի եւ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Սարգսյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների դիվանդանոց» ՔԿՀ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, մենք տեղեկացանք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Ձեր գլխավորությամբ այցելել են «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ի՞նչ խնդիրներ եք այնտեղ արձանագրել:

-Այո՛,  առավոտյան եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամներով այցելել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ, քանի որ Հայաստանի քրեակատարողական հաստատություններում բուժսենյակների, բուժծառայությունների մատուցուման մասով շարունակում ենք մեր ուսումնասիրությունը: Ու քանի որ գնացել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ, մուտք ենք գործել նաեւ մի քանի ցմահ դատապարտյալների խուց, հատկապես բանակում սպանությունների գործով ցմահ ազատազրկվածների հետ ենք հանդիպել: Նրանց խնդիրը շատ զգայուն է, եւ այս դեպքերը հատուկ քննության են արժանի: Նշեմ, որ այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 54 ցմահ դատապարտյալ կա, մնացածը այլ կալանավայրերում են: Նրանց խնդիրը հիմնականում առնչվում էր իրենց գործերի վերանայմանը: Նաեւ մտել ենք նախնական կալանքի սենյակները, ինչպես միշտ՝ տխուր պատկեր, գերահագեցած սենյակներ:

-Կնշե՞ք կոնկրետ մեկ խցում քանի մարդ կա:

-13-14 կալանավոր, ընդամենը 11-12 քնելատեղ, եւ, բնականաբար, քնում են հերթապահությամբ:

-Իսկ ինչպիսի՞ն էր պատկերը բուժսենյաների եւ բուժծառայության մասով:

-Այս պահին դեղորայքային հագեցվածությունը բավարար էր, առաջին անհրաժեշտության դեղորայքները կան, սակայն լուրջ հիվանդություների դեպքում, որը պահանջում է խիստ կոնկրետ դեղամիջոց, դատապարտյալների հարազատներն են բերում, այսինքն՝ ավանդույթը շարունակվում է: Մեր այսօրվա այցը հանեց մի քանի լրջագույն խնդիր, որը օրենսդրական փոփոխությունների պետք է ենթարկվի:

-Կոնկրետ կնշեք:

-Նախ՝ վերանայել քրեակատարողական հաստատություններում հատկացվող դեղորայքների ցանկը, քանի որ ցանկը բավականին հին է, եւ կան դեղորայքներ, որ խիստ անհրաժեշտ են, սակայն դրանք հաստատված ցանկում չկան:

-Իսկ ի՞նչ իրավիճակ էր դատապարտյալների հիվանդանոցում:

-Ծանր խնդիրների բախվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որը կալանքի հետ համատեղելի չէ, եւ այս ցանկը լրջագույն վերանայման կարիք ունի: Օրինակ՝ դատապարտյալ Հովհաննես Կարապետյանի ոտքը անդամահատված է, մարդը ստացել է ինսուլտ, այսինքն բացարձակ շարժունակությունը կորցրած, սայլակին գամված, սակայն իր հիվանդությունը չի նախատեսում, որ կալանքը կարող է փոխել, նրան շարունակում են պահել ՔԿՀ-ում, սա աբսուրդ է:

-Այս մասին Դուք բարձրաձայնեցի՞ք ՔԿՀ ղեկավարության մոտ:

-Այո՛, բայց ի՞նչ կարող է անել ՔԿՀ-ի ղեկավարությունը, եթե ասում են՝ օրենքն է դա, կառավարության հաստատված կարգը պետք է փոխվի: Մեկ այլ դատապարտյալ՝ Գեւորգ Գյոզալյանը, օրական ստանում է 10 ասեղ մորֆի ցավազրկող, ունի հիվանդությունների մի խայտառակ փաթեթ, եւ կալանքի հետ այս պահին անհամատեղելի վիճակ է: Մոտ 8 տարի պատիժը կրել է, եւ մնացել է 1 տարի ու կես, ինչ իմաստ ունի այդ մարդուն այդ վիճակում կալանքի տակ պահել: Այդ անձը դիմել է բոլոր ատյաններին, ինձ էր անգամ դիմել, ես իմ հերթին դիմել էի արդարադատության նախարարությանը, եւ ինձ պատասխանել էին, որ դատապարտյալը դինամիկ հսկողության տակ է, բոլորին տալիս են նույն պատասխանը: Դինամիկ հսկողության տակ այդ ձեւակերպումը տվող գերատեսչություններին խորհուրդ կտամ, որ գալչկայի համար ձեւակերպումները գրում եք, մեկ անգամ գնացեք, տեսեք, թե այդ մարդը ինչ սարսափելի վիճակում է: Խնդիր կա վերանայելու կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը:

Մեկ այլ երիտասարդ կալանավորի հետ կապված: Էրիկ Սարգսյանը ամբողջ երիկամը թարախակալված, մեկուկես ամիս է՝ հատումը երիկամի կողքով արված է, տոպրակը կողքից կախված է, այդ մարդուն իրավունք չունեին երկու շաբաթ նման վիճակում պահել: Դատապարտյալների հիվանդանոցը դիմում է առողջապահության նախարությանը, որ պետպատվերով գոնե այդ տղայի երիկամը վիրահատեն, նախարարությունից պատասխանում են, թե դեռեւս զբաղվում են: Մարդը ծայրահեղ վիճակում է, ես չգիտեմ՝ այդ տղային ինչ է սպասվում, եթե նրան րոպե առաջ չօգնեն: Ես պաշտոնապես դիմում եմ առողջապահության նախարարին: Ձեր գալչկայի համար պատասխանները՝ պետպատվեր չկա, պետատվերը ավարտվել է, բացարձակ անընդունելի պատասխաններ են: Այս տղան՝ Էրիկ Սարգսյանը, հրատապ, րոպե առաջ վիրահատության խնդիր ունի, եթե այս տղային որեւէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնելու է ձեր՝ նախարարության վրա, սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ:

Նրա էպիկրիզը ուղարկված է ձեզ, սակայն նախարարության պատասխանը եղել է՝ այս պահին պետպատվերի խնդիրը լուծված չէ, կրկնում եմ՝ տղան ծայրահեղ վիճակում է: Պետք է նշեմ եւս մեկ կարեւորգույն խնդիր՝ «Նուբարաշեն» ծայրահեղ վիճակում է ծայրահեղ վիճակում է ՔԿՀ-ում բժշկի 8 դատարկ հաստիք կա, բայց մարդիկ չեն գնում այնտեղ, բժիշկ աշխատեն ցածր աշխատավարձի պատճառով եւ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով: Օրինակ՝ դատապարտյալների հիվանդանոցում այնտեղ աշխատող բժիշկը պետք է զինվորական լինի, ու մինչեւ 30 տարեկան են ընդունում, բայց ինձ բացատրեք՝ ո՞ր նոր բժշկական համալսարանը ավարտածը կգնա, կաշխատի այնտեղ, այս սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հենց դատապարտյալների հիվանդանոցը երիտասարդ բժշկի տեղ չէ, այնտեղ փորձառու բժշկի տեղ է: Այս խնդիրը եւ այլ խնդիրները օրենսդրական փոփոխությունների խնդիր է: Մեր հանձնաժողովը առաջիկայում կլինի նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում, որից հետո կամփոփենք իրավիճակը եւ կգնանք օրենքի փոփոխությունների ճանապարհով:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը եւս այս կալանավորի հարցում դիմեց ԱՆ, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը կուսումնասիրեն եւ առաջիկայում մեզ կտեղեկացնեն:

Քնար Մանուկյան




Լրահոս