«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հարկումը
Կողմերը պետք է համագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, ներդրումները եւ արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։
Հոդված 26
Հղում կատարելով 25-րդ հոդվածին՝ Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները եւ պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման եւ հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության եւ անդամ պետությունների իրավասություններին՝ Կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար։
Հոդված 27
Կողմերը պետք է ընդլայնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի եւ հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման եւ հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում եւ ամրապնդեն հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I եւ III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը եւ համագործակցությունը, նաեւ տրանսֆերային գնագոյացման եւ հակաօֆշորային կարգավորման հարցերում։
Հոդված 28
Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով Կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան։
Հոդված 29
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
Վիճակագրությունը
Հոդված 30
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի եւ արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ եւ մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք համապատասխան կլինեն Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, բիզնես գործունեությունների եւ որոշում կայացնողների համար՝ նրանց ընձեռելով դրա հիման վրա տեղեկացված ձեւով որոշումներ կայացնելու հնարավորություն։ Ազգային վիճակագրական համակարգի միջոցով պետք է պահպանվեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները եւ հաշվի առնվեն վիճակագրության ոլորտի ԵՄ acquis-ը [օրենսդրություն]՝ ներառյալ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգիրքը՝ ազգային վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացը եվրոպական նորմերի եւ ստանդարտների հետ համահարթեցման նպատակով։
Հոդված 31
Վիճակագրության ոլորտում համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի՝
ա) ազգային վիճակագրական համակարգի կարողությունների, այդ թվում՝ իրավական հիմքի հետագա ամրապնդմանը, որակյալ տվյալների եւ մեթատվյալների ստեղծմանը, տարածման քաղաքականությանը եւ օգտագործողի համար հարմարավետությանը, եւ հաշվի առնելով պետական եւ մասնավոր հատվածների օգտագործողներին՝ գիտական համայնքը եւ հասարակությունն ընդհանուր առմամբ.
բ) Եվրոպական վիճակագրական համակարգում կիրառվող նորմերին եւ փորձին Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի աստիճանական համահարթեցմանը.
գ) Եվրոպական միությանը տվյալների տրամադրման գործընթացի ճշգրիտ համակարգմանը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային եւ եվրոպական մեթոդաբանությունների, այդ թվում՝ դասակարգումների կիրառումը.
դ) ազգային վիճակագրական ծառայության անձնակազմի մասնագիտական եւ կառավարման կարողությունների ընդլայնմանը՝ Եվրոպական միության վիճակագրական ստանդարտների կիրառումը խթանելու եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով.
ե) վիճակագրական «նոու-հաու»-ի զարգացման վերաբերյալ փորձի փոխանակմանը, եւ
զ) վիճակագրական տվյալների ստեղծման բոլոր գործընթացների եւ դրանց տարածման հարցում որակի ապահովման եւ կառավարման խթանմանը։
Շարունակելի…