«Գազպրոմ Արմենիա»-ն դատի է տվել դպրոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառն այն է, որ մարզային դպրոցները սպառել են կապույտ վառելիք, սակայն դրա դիմաց անհրաժեշտ գումարները չեն վճարել: Ինչի արդյունքում այսօր դպրոցներ կան, որոնք կանգնած են դասասենյակները ջեռուցելու խնդրի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «սեւ ցուցակում» է հայտնվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Ընկերությունը ընդդեմ դպրոցի այս տարվա սեպտեմբերի 5-ին դիմել է դատարան: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խնդրել է դատարանին դպրոցից հօգուտ իրենց բռնագանձել 1 մլն 331 հազար 811 դրամ գումար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի այս՝ ընկերությունը դատարանին խնդրել է միջնորդել արգելանք դնել դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա: Սակայն չի հիմնավորել իր այս պահանջը, ինչի արդյունքում դատարանը մերժել է «Գազպրոմ Արմենիա»-ի դպրոցի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք դնելու միջնորդությունը:

Բայց չնայած սրան` կապարակնքվել է (պլոմբվել) դպրոցի գազի հաշվիչը: Իսկ աշակերտները ստիպված են լինում ուսանել էլեկտրական սալիկով տաքացվող դասասենյակներում: Իսկ ինչպես հայտնի է` էլեկտրական սալիկներով դասասենյակները նորմալ չեն ջեռուցվում, ծախսն է ավելի շատ է լինում, քան գազով գործող ջեռուցման կենտրոնացված համակարգի դեպքում:

Վարդենիս գյուղի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ այսօր իրենց դպրոցը գազով չի ջեռուցվում: Նա նաեւ ասաց, որ առաջիկայում որոշ դասասենյակներ կջեռուցեն նավթով: «Բայց այդ գազը մենք չենք սպառել, այլ «Սպիտակ կամար» ընկերությունը, որը դպրոցում շինարարական աշխատանքներ է իրականացրել: Բայց այդ պարտքը հիմա թողնվել է մեզ վրա, այն դեպքում, երբ մենք գազը մեր համար չենք օգտագործել»,- պարզաբանեց դպրոցի տնօրեն Ավետիսյանը:

Ըստ մեր զրուցակցի` «Սպիտակ կամար» ընկերությունը դպրոցում շինաշխատանքներ իրականացնելիս օգտագործել է գազ, որոշ փորձարկումներ է արել, ինչի արդյունքում ավելի քան մեկ մլն դրամի պարտք է կուտակել: «Դե, բնականաբար, շինարարական աշխատանքների պատվիրատուն դպրոցն է, դրա համար էլ պարտքը մնացել է մեր վրա:

Դիմել ենք շինարարական կազմակերպությանը, իրենք էլ բերեցին, 500 հազար դրամ գումար վճարեցին: Բայց ավելի քան 700 հազար դրամ էլ դեռ պարտք ենք մնացել: Պետք է դա մի կերպ փակենք, որ ջեռուցենք դպրոցը: Հիմա դասասենյակները գազով չենք տաքացնում: Փոխարենը օգտագործում ենք էլեկտրական սալիկներ, որն այդքան էլ չի տաքացնում դասասենյակները»,- անկեղծացավ տնօրենը: Ապա տեղեկացրեց, որ մոտ օրերս դիմելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային տեսչությանը եւ խնդրելու է պարտքի մարման ժամանակացույց կազմել:

«Եթե հնարավոր է, թող մարման ժամանակացույց կազմեն, գոնե այդպես մարենք պարտքերը, բայց զուգահեռ ջեռուցում էլ ունենանք: Հուսամ, որ շինարարական ընկերությունը կբերի, կմարի գազի դիմաց կուտակած մնացած պարտքը, քանի որ շենքը դեռ չի էլ հանձնել շահագործման»,- զրույցի ավարտին հույս հայտնեց տնօրեն Ավետիք Ավետիսյանը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսադաշտում է հայտնվել նաեւ Կոտայքի մարզի Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը, որի դեմ ընկերությունը դատական հայցը ներկայացրել է դեռեւս օգոստոսի 7-ին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը եւս հայցադիմում է ներկայացրել մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի: Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 110 հազար 600 դրամ:

Սակայն Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զարիկ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ արդեն մարել են ընկերության նկատմամբ ունեցած պարտքը: «Ես մուծման բոլոր կտրոններն ունեմ ինձ մոտ, դրանք ներկայացրել եմ դատարանին, եւ գործը կարճվել է: Այդ 110 հազար դրամի չափով պարտքը կուտակվել է, որովհետեւ պետական ֆինանսավորումը քիչ է եղել: Այսինքն՝ մենք չէինք նախատեսել, որ այդքան շատ ենք գազ սպառելու, բայց ձմեռը ցուրտ էր: Ինչով էլ պայմանավորված սպառումը շատ եղավ»,- պարզաբանեց տնօրենը` միաժամանակ նկատելով, որ ներկայումս դպրոցը ջեռուցվում է:

Փաստորեն, այն դպրոցների աշակերտները, որոնց տնօրենները հասցրել են մարել գազի դիմաց կուտակված պարտքերը, կկարողանան տաք դասասենյակներում ուսում ստանալ: Իսկ այն դպրոցները, որոնց տնօրենները ժամանակին չեն մարել գազի դիմաց կուտակած պարտքերը, իրենց աշակերտներին պարտադրում են հաճախել ցուրտ դասասենյակներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս