ՖՈՏՈ. ԴԱՀԿ աշխատակիցները երկու երեխաներին և հղի կնոջը բռնի ուժով տանից դուրս են հանել. 14-ամյա երեխան ինքնավնասում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի եւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Հույսի Ավան թաղամասում սոցիալապես անապահով ընտանիքը երկու օր է` գիշերում է փողոցում:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Կարինե Եգորյանը պատմեց, որ իրենց տնից «դուրս հանելու» պատճառը կուտակված կոմունալ պարտքերն են ու ընտանեկան վեճերը:

Ինչը, ըստ Կարինեի, խիստ զայրացրել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին: Իսկ ընտանեկան վեճերի պատճառն այն է, որ Կարինեի ամուսինը երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել: Ի դեպ, դրսում հայտնված ընտանիքը երեկ երեկոյան ուզում էր գիշերել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկանները «համոզել են» գիշերն անցկացրել Հույսի Ավան թաղամասի փողոցներում: Մեզ հայտնի դարձավ, որ «Ազդարար բացահայտ լուրեր» խմբագրության տնօրեն Աննա Էլոյանը ինքնավնասում կատարած 14-ամյա Արսեն Խաչատրյանին տարել է իր տուն:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարինե Եգորյանն ունի երկու որդի` 14 եւ 15 տարեկան: Կարինեի պատմելով՝ նախօրեին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ընտանիքի անդամներին «տանից դուրս են հանել»: «ԴԱՀԿ-ի աշխատողները եկան ու բռնի ուժով ինձ եւ իմ երեխաներին տանից դուրս հանեցին, ինձ եւ իմ երեխաներին ծեծել են: Ամբողջ իմ եղած-չեղածը դրսում շպրտածա: 14 տարեկան տղաս առողջական խնդիրներ ունի, այդ տունը իր համար են հատկացրել, ԴԱՀԿ աշխատողներին ասաց` եթե մի բան տանից դուրս հանեք կամ մամայիս, եղբորս, ես իմ երակները կկտրեմ: Ու բրիտվա էր մոտը, որտեղից էր գտել այդ պահին… կտրեց: Ինքը` ԴԱՀԿ աշխատողը, շտապօգնություն կանչեց: Բայց չնայած սրան` մենք գիշերն անցկացրեցինք փողոցում»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Կարինե Եգորյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Պարույր Ջանբազյան

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ժպիտը դեմքին, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանի հետ միասին Հույսի Ավան թաղամասի առանձնատների բանալիներ էր հանձնում սոցիալապես անապահով ընտանիքներին: Իսկ այսօր արդեն մահակներով նրանց տներից դուրս են նետում:

«Ազդարար բացահայտ լուրեր» խմբագրության տնօրեն Աննա Էլոյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այսօր ինքն անօթևան մնացած ընտանիքի հարցով դիմել է Նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն ՄԻՊ աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցել հարցի լուծումը` պատճառաբանելով, որ խնդիրն իրենց իրավասությունների տիրույթում չէ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ՄԻՊ գրասենյակը նման իրավիճակներում նման գնահատական է տալիս` ասելով, ոի իր իրավասությունների շրջանակում չի,  արդյունքում մարդկանց իրավունքները մնում են ոտնահարված:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս