Կոնսերվատորիայի ռեկտորն իր մոտ է կանչել դասադուլին մասնակցած ուսանողներին և խիստ խոսել նրանց հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ ընթացած եւ երեկ ավարտված ուսանողների դասադուլին, բացի Երեւանի պետական համալսարանի ուսանողներից, տարբեր օրերին միացել են նաեւ այլ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել եւ հենց ռեկտորներից է փորձել պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ուսումնական հաստատությունում տիրող իրավիճակին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցության ժամանակ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորներ Շահեն Շահինյանն ու Կորյուն Աթոյանը «պարծեցել» են, թե իրենց ԲՈՒՀ-երում ամեն ինչ նորմալ է, եւ անհանգստանալու խնդիր չկա: Չնայած այդ հանգամանքին՝ նշենք, որ իրականում այդ երկու ուսումնական հաստատություններից ուսանողներ այս օրերին ամեն դեպքում դասադուլին մասնակցել են: Եվ եթե կոնսերվատորիայի ուսանողներն ակցիային սկսել են մասնակցել միայն նախօրեին, ապա տնտեսագիտական համալսարանից ակցիայի մասնակիցներ եղել են հենց առաջին օրվանից:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը նախօրեին իր մոտ է կանչել դասադուլին միացած ուսանողներին եւ մոտ երեք ժամ զրուցել նրանց հետ՝ խիստ ձեւով կոչ անելով այլեւս չմիանալ դասադուլ հայտարարած ուսանողներին: Սակայն երեկ կոնսերվատորիայի ուսանողները կրկին մասնակցում էին դասադուլին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:

-Պարո՛ն Շահինյան, Դուք նախօրեին Ձեզ մոտ էիք կանչել դասադուլին միացած ուսանողներին եւ երկար զրույց ունեցել նրանց հետ: Ո՞րն է պատճառը:

-Մարդիկ ակցիայի են մասնակցել, այո՛, նստել, խոսել ենք: Ես առաջարկում եմ, որ եթե լուրջ հարցադրումը պետք է լուծում ստանա, ոչ թե օդի մեջ մնա, կարելի է ավելի այլ ձեւեր մտածել, նստել, խոսել, դիմել համապատասխան մարդկանց: Ես չեմ կարծում, որ եթե հարց կա, որը պետք է լուծվի, անպայման պայքարի ճանապարհ պետք է ընտրել, այլ ձեւեր եւս կան:

-Դուք, ամեն դեպքում, խիստ զրույց եք ունեցել ուսանողների հետ: Հետեւանքներ կլինեն այդ ուսանողների՝ դասերին չմասնակցելու համար:

-Կոնսերվատորիայի դասերը երկու օրերն էլ կայացել են: Երեկ ովքեր որ մասնակցել են, իրենց ազատ օրն է եղել, իրենք դասեր չունեին: Այնպես որ, դասերին չի խանգարել իրենց մասնակցությունն ակցիային: Նախօրեին ես հանդիպել եմ 16 ուսանողի հետ, եւ առաջին օրն է եղել, որ Կոնսերվատորիայի ուսանողները եւս մասնակցել են:

-Պարո՛ն Շահինյան, նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ Դուք նշել էիք, թե անհանգստանալու ոչինչ չունեք, քանի որ Կոնսերվատորիայի ուսանողները չեն մասնակցում ակցիային: Դուք որեւէ կերպ ազդել եք ուսանողների վրա, որպեսզի խուսափեն դասադուլին մասնակցելուց:

-Գիտեք՝ իմ անհանգստությունը կամ չանհանգստությունը մասնակցելու հետ կապված չէ: Անհանգստությունն այն դեպքում է, երբ որ ինչ-որ վտանգներ կան, սակայն անվտանգ տեղ են մասնակցել: Մասնավորապես նախօրեին իրենք մասնակցել են իրենց համալսարանի դիմաց, երեկ էլ մասնակցել են, մի քանի շարականներ են երգել: Այդ մասնակցությունն ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնի: Իրենց պետք է հարցնեք, թե ինչու չեն մասնակցել դասադուլին: Եթե ուզում եք իմ մասով իմանալ, ապա ես չեմ խոչընդոտել: Չի եղել նման դեպք:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյան

-Պարո՛ն Աթոյան, չնայած Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այս օրերին եւս մասնակցել են դասադուլների, սակայն Դուք Լեւոն Մկրտչյանին վստահեցրել եք, թե անհանգստանալու խնդիր չկա: Ո՞րն է եղել Ձեր վստահության պատճառը:

-Ես տեղեկացված չեմ եղել, որ մեր ԲՈՒՀ-ից մասնակցություն կա, այս պահին էլ տեղյակ չեմ: Ես իմացել եմ, որ մեր ԲՈՒՀ-ից չի եղել, ես որտեղից պետք է իմանայի, որ մեր ԲՈՒՀ-ից մասնակիցներ կան : Եթե իրենք գնում, առանձին մասնակցում են, եթե մեկ-երկու հոգի գնացել է, ես ո՞նց պետք է իմանայի: Այդպիսի խոսակցություն եղել է, եւ ես ասել եմ՝ տեղյակ չեմ մեր ԲՈՒՀ-ից մասնակցության մասին:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս