Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց ՀՀ վարչապետին կից խորհուրդների հարցը: Մասնավորապես նա նկատեց, որ վարչապետին կից առկա է 20 խորհուրդ, որոնք պետք է տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ կատարեն, սակայն անգործության են մատնվել: Ի պատասխան, սակայն, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե այդ խորհուրդները վաղուց են ստեղծվել: «Մենք քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը: Մենք գտնում ենք, որ շատ խորհուրդներ չեն լինելու, բայց առկայությունը մեզնից որեւէ բյուջետային ծախս չի պահանջում»:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով խորհուրդների աշխատանքը՝ պարզեց, որ այդ խորհուրդները կարելի է ասել, վաղուց չեն գործում, քանի որ վերջին անգամ նիստ գումարել են տարիներ առաջ: Օրինակ՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը վերջին անգամ նիստ է արել 2013 թվականի դեկտեմբերին, Գիտատեխնիկական խորհուրդը՝ նույն թվականի հուլիս ամսին, Գործարարության աջակցման խորհրդի պարագայում իրավիճակն ավելի վատ է. այս խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարին: Մի փոքր առաջընթաց է առկա «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման» խորհրդի պարագայում. նրանք վերջին անգամ նիստ են գումարել 2016 թվականին: «Կայուն զարգացման ազգային խորհուրդը» եւս նախորդ տարի է նիստ գումարել եւ, օրինակ, հավանություն տվել ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչեւ 2030թ. կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում ներկայացված հայեցակարգին եւ այն ընդունել ի գիտություն:
Հայագիտության հարցերով խորհուրդն իր գոյության ընթացքում ընդամենը 2 նիստ է գումարել՝ 2010 եւ 2012 թվականներին, դրանից հետո կրկին անգործության է մատնվել: 2004 թվականին ստեղծված «Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամը» վերջին անգամ նիստ է գումարել 2015 թվականին. նույնիսկ այս ամռանը տեղի ունեցած անտառային հրդեհները չի ստիպել խորհրդին հավաքվել եւ քննարկել այդքան կարեւորություն ներկայացնող հարցը: 2012 թվականին ստեղծված վարչապետին կից արդյունաբերական խորհուրդն էլ վերջին անգամ նիստ է արել 2013 թվականին եւ դրանից հետո կրկին անգործության մատնվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: