Պետական բյուջեն այս տարի ևս կթերակատարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեն այս տարի եւս կթերակատարվի. հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել:

2017թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այս տարի եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 մլրդը լինելու էին հարկային եկամուտները: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին կառավարության N 1313-Ն որոշմամբ բյուջեում ճշգրտումներ արվեցին եւ բարձրացվեց նախանշված շեմը: Ըստ այդմ, բյուջեի եկամուտները 2017թ. համար սահմանվեցին 1 տրիլիոն 327.3 մլրդ դրամ, որից միայն հարկային եկամուտները` 1 տրիլիոն 202.6 մլրդ դրամ:

Եւ ահա, ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ըստ որի՝ բյուջեի եկամուտները 6.8 տոկոս պակաս են հավաքագրվել, իսկ միայն հարկային եկամուտները թերակատարվել են 4.5 տոկոսով: Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ինն ամսվա ընթացքում ճշգրտված պլանի համաձայն՝ բյուջե պետք է մուտքագրվեր 952 մլրդ 761 մլն դրամ, որից 875 մլրդ 741 մլն դրամը` որպես հարկային եկամուտ: Բայց պարզվում է` հավաքվել է 888 մլրդ 449 մլն դրամ, որից հարկային եկամուտները կազմել են 836 մլրդ 397 մլն դրամը: Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 10.5 տոկոսով էլ թերակատարվել են պետական բյուջեի ծախսերը: Բայց եթե ծախսերի թերակատարումը կարելի է մեկնաբանել խնայողության ռեժիմի անցնելու` կառավարության մտադրություններով, ապա եկամուտների թերակատարումն անհասկանալի է հատկապես տնտեսական աճի մասին նրանց պնդումների համատեքստում:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց` ի՞նչն է բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը: «Հարկային եկամուտների մասով մենք ունենք հետեւյալ պատկերը. 2017թ. համար ծրագրել էինք 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկային եկամուտ: Հետագայում մենք որոշակի փոփոխությունների, համարձակ քայլերի գնացինք՝ ասելով, որ դրա փոխարեն ջանքեր կգործադրենք հավաքագրելու 1 տրիլիոն 197 մլրդ դրամ՝ իհարկե, որոշակի վերապահումներ անելով: Մենք նշեցինք, որ, այո, սա խիստ ռիսկային է, եւ եթե արդյունքում զգանք, որ մեր վարչարարական գործիքները դեռ պատշաճ մակարդակով չենք բարելավվել, եւ կարող է դա հանգեցնել վարչարարության հետեւանքով գերավճարների ձեռքբերման, ապա մենք ձեռնպահ կլինենք ցանկացած գնով գումարը ապահովելուն: Ես մի քանի անգամ շեշտադրել եմ` գումարները պետք է ադեկվատ հավաքվեն այնտեղից, որտեղ կա ստվեր: Եվ, իհարկե, որպեսզի դու կարողանաս ստվերը բացահայտել, պետք է ունենաս համապատասխան գործիքներ: Դրա համար պետք է ռեֆորմներ անել, որքան արվեն այդ ռեֆորմները, այնքան ավելի լավ»,- ասաց Արամյանը:

Նրա խոսքերով՝ եթե կառավարությունը ցանկացած գնով ձեռնամուխ լինի բյուջեի` ճշգրտված եկամուտների հավաքագրման, ապա տնտեսության մեջ կլինեն խեղումներ: «Եթե հարկային տեսուչին հանձնարարական ես տալիս` ցանկացած գնով ապահովել հարկերի հավաքագրման այս մակարդակը, ապա դա խիստ վտանգավոր է, կհանգեցնի գերավճարների ավելացման,- նշեց նա` հավելելով,- մենք կգերակատարենք 1 տրիլիոն 135 մլրդ դրամը, իսկ ավելին հավաքագրելու ուղղությամբ մենք կգործադրենք ցանկացած ջանք, բայց միեւնույն ժամանակ խնդիրներ չստեղծելով տնտեսվարողի կյանքի մեջ: Տնտեսվարողն է տնտեսական աճ ստեղծողը, եւ եթե տնտեսվարողը չունենա ընկալումը, որ վարչարարությունն ադեկվատ չէ, ներդրում չի անի»:

Փաստորեն, արձանագրենք` կառավարությունը ոգեւորված իր նախնական հաջողություններով՝ ժամանակին բարձրացրեց նշաձողը` մեծ-մեծ խոստումներով տալով, անիրատեսական ցուցանիշներ նախանշելով, եւ հիմա հայտնվել է փաստի առաջ: Հետաքրքիր է` ի՞նչ իմաստ ուներ բյուջեի եկամուտների նշաձողը այդպես բարձրացնել, եթե ի սկզբանե պարզ էր, որ երկրի տնտեսությունն ի վիճակի չէ դրան. չէ՞ որ Կարեն Կարապետյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ինքն էր խոստովանել` տնտեսության վիճակը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս