Բերդի բնակիչները հայտնվել են մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ Խաչատուր Սուսլյանը եւ Յուրիկ Մելքումյան՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության շրջանակներում հայտնվել են մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուսլյանը եւ Յուրիկ Մելքումյանը մեղադրյալի աթոռին են հայտնվել այն բանի համար, որ փորձել են վթար բեմադրել եւ, որ ամենակարեւորն է, շատ վատ են այդ ամենը կազմակերպել: Այսպես՝ 2017թ. փետրվարի 1-ին Խաչատուր Սուսլյանը վնասել էր իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայի վերանորոգման գումարը՝ 752 հազար դրամ, ապահովագրական ընկերությունից ստանալու նպատակով նա համաձայնության էր եկել իր համագյուղացի Յուրիկ Մելքումյանի հետ եւ 2017թ. փետրվարի 6-ին վթար են կազմակերպել: Իսկ ավելի կոնկրետ՝ այնպես են ներկայացրել, թե իբր Յուրիկ Մելքումյանին պատկանող «ԳԱԶ 2507» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուսին»: Սակայն նրանց կամքից անկախ հանգամանքներում ամեն ինչ պարզվել է, եւ համագյուղացիներն այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին: Խ. Սուսլյանին եւ Յու. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Խարդախության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):

Այդ հոդվածը նախատեսում է 500 հազար դրամ տուգանքից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-ից 5 տարի ազատազրկում: Այգեձորցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս