«Ժողովուրդ»-ը զրուցել է օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի հետ։ Նա հայ օպերային արվեստի պատմության մեջ երկու դերերի ամենաերիտասարդ կատարողն է («Անուշ» օպերայում Մոսիի դերը կատարել է 23 տարեկանում, Արշակ Բ-ի դերը՝ համանուն օպերայում՝ 26 տարեկանում)։ 2008 թվականից երգիչը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի լավագույն օպերային բեմերում, համագործակցել է աշխարհահռչակ երաժիշտների, ռեժիսորների հետ։
-Գեւո՛րգ, գիտենք, որ հիմա Մոսկվայում եք։ Կպատմե՞ք՝ ինչ առիթով եք այդտեղ։
-Այո՛, նոյեմբերի 10-ից Մեծ թատրոնի հրավերով Մոսկվայում եմ։ Նոյեմբերի 21-ին եւ 23-ին նույն թատրոնում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» օպերայում հանդես եմ գալու գլխավոր դերով։
-Պարբերաբար լինում եք արտերկրում։ Հնարավո՞ր է, որ մի օր հայրենիքից դուրս ծավալեք Ձեր գործունեությունը։
-Ես ինձ մեկ ժամ անգամ առանց հայրենիքի չեմ պատկերացնում, ամեն ինչ անում եմ, որ ապրեմ ու արարեմ Հայաստանում։ Իսկ արտերկրում փորձ եմ հավաքում, որ փոխանցեմ սերունդներին, կիսեմ այն իմ հանդիսատեսի հետ։ Բացի այդ՝ շատ կարեւոր է, որ արտիստները դուրս գան, աշխարհ տեսնեն։ Այլապես մեր ասպարեզի անցուդարձը սահմանափակվում է կոլեգաների հետ շփումներով, եւ զարգանալու համար օղակն աստիճանաբար սեղմվում է։ Այնինչ՝ արտիստը պետք է դուրս գա, աշխատի ուրիշ ռեժիսորների, երգիչների հետ։ Որքան շատ շփման առիթներ ստեղծվեն, այնքան լավ։
-Մեր օպերային թատրոնն այսօր ի՞նչ բացեր ունի, կա՞ն խնդիրներ, որոնք կցանկանայիք տեսնել լուծված։
-Թատրոնը մի բաց ունի. այն կապված է երգացանկի հետ։ Մենք, ցավոք, այնքան հարուստ երկիր չենք, որ կարողանանք տարեկան վեց-յոթ նոր ներկայացում անենք, չենք կարող մեզ նման բան թույլ տալ։ Բայց, կարծում եմ, դա էլ ժամանակի խնդիր է։ Հուսամ, որ կգտնվեն մեծահարուստներ, որոնք գումարներ կներդնեն՝ օպերային թատրոնին աջակցելու համար։ Այլապես միայն պետությունը չի կարող հոգալ բոլոր ծախսերը։
-Ի՞նչն է պատճառը, որ արտերկրում օպերային թատրոններ այցելելը տեղի մեծահարուստների համար պրեստիժի հարց է, մերոնց համար՝ ոչ։
-Դա դաստիարակության հարց է։ Օրինակ՝ Իտալիայում դպրոցական երեխաներին փոքրուց տանում են օպերային թատրոն՝ մանկական ներկայացումներ դիտելու, ցույց են տալիս, թե որտեղ են պատրաստվում դեկորացիաները, կարվում հագուստները, որտեղ են դիմահարդարվում արտիստները եւ այլն։ Այսինքն՝ օպերային արվեստի հանդեպ հետաքրքրություն են ստեղծում։ Հետո այդ երեխաները մեծանում են, նրանցից ոմանք դառնում են բիզնեսմեն եւ արդեն սիրում, գնահատում, նաեւ ֆինանսավորում են օպերային արվեստը։ Մեզ մոտ, սակայն, նման մշակույթ չկա։ Երբ դպրոցներում Թումանյան են անցնում, պետք է երեխային տանեն «Անուշ» օպերան նայելու, մանկական օպերաները պետք է հովանավորվեն։
-Դուք դասավանդում եք Երեւանի պետական կոնսերվատորիայում, ունեք սաներ, որոնք արդեն միջազգային մրցույթների դափնեկիրներ են, օպերային թատրոնի մեներգիչներ։ Նրանց համար ի՞նչ հուսադրող եւ ի՞նչ վհատեցնող միտումներ կան դաշտում։
-Ոգեւորիչ է այն, որ նրանք տեսնում են օպերային թատրոնում մեր արած քայլերը։ Ժամանակին ես էլ տեսնում էի, օրինակ, Գեղամ Գրիգորյանի, Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի աշխատանքի արդյունքը, այն, որ նրանք կարողացան միջազգային բեմեր գրավել։ Այսօր մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք հնարավորության դեպքում ազգի անունից կարող են հանդես գալ աշխարհի լավագույն բեմերում։ Բայց նրանց համար հարկավոր է ստեղծել միջավայր, որպեսզի աճեն, կրթվեն, սովորեն։ Այդ միջավայրը, ինչպես նշեցի, պետք է ստեղծվի կոնսերվատորիայում, որը պետք է երիտասարդներին ծառայի ներկայացումներ բեմադրելու համար։ Հետո արդեն երիտասարդների համար հենարան պետք է դառնա օպերային թատրոնը, որտեղից փորձ ձեռք բերած՝ հնարավոր կլինի դուրս գալ արդեն միջազգային ասպարեզ։
Աննա Բաբաջանյան