«Հետք» էլեկտրոնային պարբերականը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին անհարգելի բացակայել է 17 պատգամավոր, որոնց աշխատավարձերից էլ պահումներ են արվել: Հետաքրքիրն այն է, որ ամենաշատ թվով պատգամավոր՝ 7 հոգի, բացակայել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերից: Ընդ որում, այստեղ բացակայող եռյակը գլխավորում են գեներալներ Սեյրան Սարոյանը, ում աշխատավարձից պահվել է 116 հազար դրամ, Մանվել Գրիգորյանը՝ 94 հազար դրամ, եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ 89 հազար դրամ:
Այս պատկերը, սակայն, պատահական չէ. բանն այն է, որ նախորդ գումարման խորհրդարանում եւս գեներալներ Սարոյանն ու Գրիգորյանը չէին մասնակցում հանձնաժողովի նիստերին: Այդպես էր վարվում նաեւ նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Պատճառը եղել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ պարբերաբար կոնֆլիկտները: Բանն այն է, որ բանակում չծառայած ՀՀԿ-ական Նահապետյանը փորձել է մի քանի անգամ նախկին զինվորականների մոտ մասնագիտական հարցերում «շեֆի դիրքերից» խոսել: Բնականաբար, այդ ամենը դուր չի եկել նախկին զինվորականներին
. սկզբում նրանք փորձել են կատակել, հետո արդեն ամեն ինչ վերածվել է կոնֆլիկտի: Որպեսզի ամեն ինչ չխորանա, եւ գործը չհասնի գեներալների դաստիարակչական ապտակներին, որոշվել է, որ նրանք հանձնաժողովի նիստերին կմասնակցեն ըստ ցանկության: Ու հիմա այդ ավանդույթները շարունակվում են նաեւ նոր խորհրդարանում. ավելին՝ հնաբնակ պատգամավորներին է միացել նաեւ մեկ այլ գեներալ՝ Միհրան Պողոսյանը: Իսկ Կորյուն Նահապետյանը որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքն ու այսպես պատժել իրենից խուսանավողներին: