«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն: Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով, ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:
Մելիք Եսայանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ՔԿՀ եւ մի կերպ համոզել են, որ նա դադարեցնի հացադուլը, որպեսզի կարողանան կյանքը փրկել. «Պառկած վիճակում է, շատ վատ վիճակ է, թե հետո ինչ կլինի, չգիտենք»:
Նշենք, որ Եսայանը հացադուլ սկսելու մասին հայտնել էր հոկտեմբերի 3-ին: Կալանավորը հրաժարվել է անգամ տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց: