Հայաստանի մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառը, ըստ որոշ մասնագետների, մեծ քանակությամբ արտահանումն է: Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի պնդմամբ՝ մսի թանկացման պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում խոտի գնի բարձրացումն է: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, տեղական շուկայում մսի գինը մոտ 30 տոկոսով թանկացել է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված:
-Այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված` ունեցանք ցուրտ ձմեռ, գարունը կարճ տեւեց, ընդամենը մի փոքր ժամանակահատված անձրեւային եղավ, որին արագ հաջորդեց աննախադեպ շոգ ամառը: Նշանակում է՝ բուսական աշխարհի համար կլիման բավականին անբարենպաստ էր, ինչի արդյունքում կուտակվեց համեմատաբար քիչ խոտ: Եւ դրա հետեւանքով խոտի գինը բարձրացավ: Նախորդ տարվա համեմատ մոտ 30-35 տոկոսով խոտի գինը բարձրացավ: Իսկ տնտեսագիտորեն եթե խոտի գինը բարձրանում է 30-35 տոկոսով,ապա բնական է, որ պետք է այն նպաստի մսի թանկացմանը: Մենք գտնում ենք, որ մսի գնի ավելացումը հատկապես խոշոր եղջերավոր անասունների շուկայում, կապված է խոտի թանկացման հետ:
-Բայց այլ տեսակետ է շրջանառվում, ըստ որի` մեծ քանակությամբ միս է արտահանվել ՀՀ-ից, ինչի հետեւանքով տեղական շուկայում այն կտրուկ թանկացել է:
-Խոշոր եղջերավոր կենդանիների հետ կապված կարող եմ ասել, որ այս նոյեմբերի սկզբին ՀՀ-ից արտահանվել է շուրջ 13 հազար 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արտահանվել է շուրջ 1065 գլուխ: Ճիշտ է՝ նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի արտահանման ծավալները ավելացել են, բայց սա չէր կարող բերել մսի գնի բարձրացմանը: Դա այն անասնագլխաքանակը չէ, որ կարող էր էականորեն ազդել մսի գնի վրա: Գուցե որոշակի չափով, չնչին, բայց ոչ 20-30 տոկոսով: Բայց այս պահի դրությամբ մսի շուկայում կա կայունացում, գնի աճը կանգնել է: Անասնատերերը ունեն կուտակած խոտի համապատասխան քանակություն: Այն տնտեսությունները, որոնք ունեն խոտի խնդիր, իրենց պլանավորածից մեկ կամ երկու գլուխ ավել հարկադիր մորթ կկատարեն: Դա նույնպես հաշվարկված է: Չեմ կարծում, որ էական ցնցումներ կլինեն մսի շուկայում: Բայց արտահանումը կխթանի ոլորտի զարգացմանը:
-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ-ից այս տարվա ընթացքում մեծ քանակությամբ ոչխարի միս է արտահանվել: Արդյո՞ք ոչխարի մսի ինքնաբավության սահմանը չի խախտվել: Կոպիտ ասած` ներքին սպառողի մասին չե՞ք մտածել: Չէ՞ որ ոչխարի մսի գինն էլ այդ ընթացքում զգալի բարձրացավ: Բացի այդ՝ ոչխարի միս արտադրողից վերածվել ենք ներկրողի…
-Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին արտահանվել է շուրջ 6600 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Խոսքը ոչխարի մասին է եւ շուրջ 2050 տոննայի ոչխարի միս: Այս տարի արտահանվել է 17 հազար 950-ի կարգի մանր եղջերավոր կենդանի եւ 2650 տոննա ոչխարի միս: Լավ է, որ ներկրվել է եւ արտահանվել է: Այսինքն՝ երկու դեպքում էլ տնտեսական շարժ կա Հայստանում: Ըստ ԱՎԾ-ի` մեր ինքնաբավությունը տավարի մսի առումով շուրջ 92 տոկոս է, խոզի մսի դեպքում` շուրջ 64 տոկոս, թռչնի մսի` 28-29 տոկոս, ոչխարի մսի` 133 տոկոսի կարգի: Հայտնի է, որ մեր ազգը ոչխարի միս շատ քիչ է օգտագործում, հիմնականում` գառ: Դա թաքցնելու բան չէ:
-Նաեւ այս տարվա ընթացքում սովորականից շատ է եղել մորթը, ինչը գյուղերում վտանգ է ստեղծել: Քանի որ գյուղացիները ապրուստի խնդիր են ունենալու: Այս կանխատեսումների հետ կապված Դուք ի՞նչ կարող եք ասել:
-Այսօր, այս պահի դրությամբ վիճակը կայուն է, մենք խնդիր չունենք: Մարդիկ իրենց տնտեսությունը շատ խելոք եւ ճիշտ ղեկավարում ու կառավարում են: Բայց եթե տնտեսվարողը ունի վարկային պարտավորություն, ուսման վարձ, ձմռան նախապատրաստում, բնական է, որ պետք է իր արտադրանքը իրացնի, որպեսզի կարողանա հարցերը կարգավորել: Մեկի մոտ վարկի մարման ժամանակը համընկել է հունիսին, մյուսինը` հուլիսին: Այսինքն՝ մարդը անասուն ինքնանպատակ չի պահում: Այլ պահում է, որպեսզի ստանա եկամուտ եւ դրա հաշվին տնտեսությունը զարգացնի, ընտանիքի սոցիալական հարցերը կարգավորի:
-Պարո՛ն Հարությունյան, ոչխարի արտադրությունը Հայաստանում գնալով ավելի պահանջված է դառնում: Մյուս կողմից՝ ոչխարի արտադրության ծավալների աճը սպառնում է հողերի էրոզիայի ավելացմանը: Այս խնդրի լուծումը արդյո՞ք պատկերացնում եք:
-Հողի էրոզիան դա հողի քայքայումն է: Ուզում եք ասել, որ ոչխարը արածեց, բուսական աշխարհը վերացավ, այս դեպքում հնարավոր է՝ հողը էրոզիայի ենթարկվի: Խորհրդային տարիներին մեր հանրապետությունում ոչխարի, մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը միլիոնուկեսից ավելի է եղել: Իսկ այս պահի դրությամբ մենք այդ մակարդակից շատ ցածր ենք, մոտենում է միլիոնի: Նշանակում է՝ այս պահին Ձեր կողմից բարձրացված խնդիրը չկա: Այս պահին մենք այդ խնդիրը չունենք, որովհետեւ արոտների կառավարման խնդիրը կարգավորում է: Կրկնում եմ՝ ոչխարի գլխաքանակը չի հասել կրիտիկական կետի, որ պետությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի քանակի սահմանափակման հետ կապված:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը