Հայաստանի պետական բյուջեն շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին. նոր պարտք կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ ամսում ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագրում է պետական ներքին պարտքը ավելացնել 12 միլիարդ 400 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 25 միլիոն 800 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նոյեմբերի ընթացքում ֆինանսների նախարարությունը ծրագրում է տեղաբաշխել պետական նոր գանձապետական պարտատոմսեր ընդհանուր 14 միլիարդ դրամի արժողությամբ:

Դրանցից մեկուկես միլիարդ դրամի պարտատոմսերը՝ յուրաքանչյուրը կես միլիարդ արժողությամբ, լինելու են կարճաժամկետ՝ 52 շաբաթով պարտատոմսեր: Իսկ 10 միլիարդ դրամի պարտատոմսերը լինելու են երկարաժամկետ՝ 10 տարի ժամկետով եւ 10 տոկոս շահութաբերությամբ: Իսկ երկուսուկես միլիարդ դրամի պարտատոմսերը տեղակայվելու են երեք տարի ժամկետով եւ ունենալու են 8 տոկոս շահութաբերություն:

Սակայն միեւնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագրում է նոյեմբերին ետ գնել նախկինում տեղաբաշխված երկու միլիարդ դրամի պարտատոմսերը:

Իսկ 400 միլիոն դրամի նոր պետական ներքին պարտքը կգոյանա նոր խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման արդյունքում: ՀՀ ֆինանսների նախարարությունը ծրագրում է նման պարտատոմսերի չորս խմբաքանակ թողարկել՝ յուրաքանչյուրը 100 միլիոն դրամի չափով: Պայմանավորված պարտատոմսերի ամեն մի խմբաքանակի վերադարձելիության ժամկետով դրանց եկամտաբերությունը տարբեր է լինելու՝ 9,5 տոկոս, 10, 10,5 եւ 11 տոկոս, համապատասխանաբար վեց ամսի, մեկ, երկու եւ երեք տարվա համար:

Մի խոսքով, Հայաստանի պետական բյուջեն շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին: Իսկ թե ինչ կլինի, եթե մի օր այլեւս պարտքով գումար տվողներ չլինեն, դժվար չէ կռահել:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 296 միլիոն 700 հազար դոլար: Այդ գումարից 5 միլիարդ 53 միլիոն դոլարը Հայաստանի պետական արտաքին պարտքն է, իսկ 1 միլիարդ 243 միլիոն 600 հազար դոլարը՝ ներքին պարտքը:

Վ.Հ.




Լրահոս