Դերասանուհի Անի Լուպեն, ով նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշրջանում, միաժամանակ հանդես է գալիս Երեւանի պետական կամերային թատրոնում, շուտով կներկայանա նոր կերպարում։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին թատրոնում տեղի կունենա ներկայացման պրեմիերա՝ Արա Երնջակյանի պիեսի հիման վրա։ Այն կոչվում է «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». «Ներկայացման միջոցով կին դերասանուհիները կխոսեն տղամարդկանց մասին։ Այդտեղ ինչ-որ հեղափոխական բան կա։ Կանայք բարձրացնում են հավասարության հարցը։ Բայց հետաքրքիրն այն է, որ չորս կանայք, որոնք գլոբալ առումով քննարկում են տղամարդկանց հետ կապված խնդիրներ, ի վերջո, համակերպվում են այն մտքի հետ, որ առանց նրանց ապրել չի կարելի»,-պատմեց Անին։
Հարցին, թե արդյոք համաձայն է պիեսում արծարծվող գաղափարների հետ, դերասանուհին պատասխանեց.«Ես երբեք դեմ չեմ եղել տղամարդկանց։ Ո՛չ Ադամը կարող է ապրել առանց Եվայի, ո՛չ էլ՝ հակառակը։ Ես կանացի այն կերպարներից չեմ, որոնք անընդհատ բողոքում են հակառակ սեռից։ Ի վերջո, եթե ընտրել ես մի տղամարդու, ուրեմն հաշտ ես նրա տեսակի հետ։ Իսկ եթե, առհասարակ, բողոքելու լինեի հայաստանցի տղամարդկանցից, կասեի, որ նրանք պետք է ընդլայնեն իրենց աշխարհայացքը, աշխատեն իրենց ինտելեկտի վրա, բարձրացնեն կրթության մակարդակը։ Այդ դեպքում շատ խնդիրներ կգտնեն իրենց լուծումը»։
Ամանորից հետո Անի Լուպեն խոստանում է այլ նորություններ եւս։ «Կաբարե» ներկայացումն, օրինակ, կներկայացվի բոլորովին նորացված։
Հարցին, թե արդյոք նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում, Անին պատասխանեց.«Առաջարկներ շատ եմ ստացել, սակայն սցենարները չհավանելու պատճառով չեմ ընդունել դրանք։ Եթե ինձ հոգեհարազատ առաջարկ ստանամ, չեմ մերժի»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Անին երգարվեստի ոլորտում առաջիկայում կներկայացնի արդյոք նորություններ.«Այո, երկրպագուներս առաջիկայում կարող են սպասել նոր տեսահոլովակի՝ նկարահանված իմ սիրելի պորտուգալական երգերից մեկի հիման վրա։ Ստեղծագործությունը, սակայն, հավանաբար «կհայաֆիկացնեմ» եւ հետո նոր կհանձնեմ հանդիսատեսի դատին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Աննա Բաբաջանյան