ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցը չի տվել գլխավոր հարցի պատասխանը. կթողնի՞ Կրեմլը Հայաստանին ԵՄ: Սարգսյանը պատրաստվել է նստել երկու աթոռներին՝ ԵՏՄ եւ ԵՄ: Սակայն հետխորհրդային տարածքում դա դեռ չի հաջողվել ոչ մի երկրի:
Չորեքշաբթի Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սերժ Սարգսյանին: Այցի պատճառը ՌԴ-ում անցկացվող Հայաստանի օրերն էին: Պուտինը որոշեց չզրուցել խնդիրների մասին, այլ հակառակը, գործընկերոջը գովեստի խոսքեր է հղել դրական արդյունքների համար:
Gazeta.ru-ն, անդրադառնալով հանդիպմանը, նշում է, որ Հայաստանը դեռևս 2013 թվականին էր մտադրվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այդպիսի պայմանագրի ստորագրումը ԵՄ մտնելու առաջին քայլն է: Ստորագրած պետությունը սկսում է օգտվել մաքսային առավելություններից և գրանտներ ստանալ:
Կայքը նշում է, որ Երևանն արդեն բազմաթիվ միլիոններ էր ստացել, սակայն վերջին պահին Սերժ Սարգսյանը փոխեց որոշումը և անդամակցեց Մաքսային Միությանը: ԵՄ-ից տրվող ֆինանսական միջոցների չափն այժմ ավելի համեստ է: Սակայն Հայաստանը չի ցանկանում հրաժարվել դրանից:
Սերժ Սարգսյանի համար երկու աթոռներին նստելը հարմար է: Նա ոչ մեկ անգամ է ասել, որ նախընտրում է «եւ՛… եւ՛» տարբերակը. ընկերանալ և ստանալ օգնություն ինչպես ԵՄ-ից, այնպես էլ ՌԴ-ից:
«Մենք չենք ցանկանում ընտրություն կատարել ընկերների միջև և ցանկանում ենք որքան հնարավոր է շատ ընկերներ»,- հայտարարել էր Սարգսյանը: Հիմա նա ավելի մեծ շանսեր ունի այդ քաղաքականությանը հետևելու:
Կայքը ընդգծում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի հետ կապված դեռ ոչ մի հայտարարություն չի արել: Սակայն, եթե Հայաստանին հաջողվի ստորագրել փաստաթուղթ ու դառնալ ԵՄ գործընկեր, դա կարող է սրել ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակամարտությունը: Ղարաբաղի տարածքում ուժային հարցի դեպքում Ռուսաստանը ստիպված պետք է լինի միջամտել որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Իսկ Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են ընկերանալ ՆԱՏՕ-ի հետ: