Արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի։ Հավաքածուի յուրահատուկ նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում՝ Բեդուկյանների կողմից՝ մինչեւ 1909 թվականը:
ՀՀ մշակույթի նախարարությունը, սակայն, գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Այնինչ՝ դրանց պատմական նշանակությունը հայերիս համար բավական մեծ է։ Չի բացառվում, որ մինչ մենք որոշենք ձեռք բերել անգին այդ նմուշները, մեր հարեւան Թուրքիան մեզնից առաջ ընկնի եւ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնելուց հետո այն ներկայացնի որպես ազգային արժեք. մինչդեռ այդ նմուշը ցեղասպանության դաժան օրերով անցնելով՝ պահպանվել է։
«Ժողովուրդ»-ը հարցմամբ դիմել է մշակույթի նախարարություն՝ պարզելու ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել գերատեսչությունը։ Նախարարության պատասխանը կներկայացնենք առաջիկայում։
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ, ով նշեց, որ Զոհրապի դիմանկարով գորգը գործվել է Ադանայի որբանոցներից մեկում.«1895 թվականից այդ տարածքներում շատ որբանոցներ են եղել։ Ամեն ջարդից հետո դրանց քանակն աճել է։ Այդ որբանոցներում տարատեսակ գորգեր են գործվել, ընդ որում, դիմանկարային գորգեր։ Դրանցից մեկն էլ այդ գորգն է։ Ընդ որում, նման գորգեր գործել են այն մարդկանց պատվերներով, որոնք պահել են այդ որբանոցները. խոսքը հիմնականում գերմանացի, ամերիկացի միսիոներների մասին է։ Իրենք որբանոց էին տանում նկարներ, դրանց պատկերով գործվում էին գորգեր, որոնք հետո առաքվում էին արեւմտյան, ամերիկյան շուկաներ»,-շեշտեց գորգագետը։
Ինչ վերաբերում է հավաքածուում տեղ գտած մյուս գորգերին, Ա.Պողոսյանը նշեց, որ դրանք կարելի է համարել փոքրասիական գործեր։
«Շատ գորգեր կան, որոնք պետք է ձեռք բերել, բայց ցուցադրելու խնդիր էլ կա, գորգի թանգարան էլ չունենք, այդ հարցն էլ պետք է լուծվի»,- եզրափակեց գորգագետը։
Անի Անտոնյան