Համանախագահները կպատրաստեն ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը. ՄԽ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նոյեմբերի 14-ին և 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչից հետո հանդիպումների արդյունքներով համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայտարարությունում նշված է, որ համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցերը: Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են այժմ բանակցությունների սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ:

«Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում ունենալ 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները կպատրաստեն հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման առարկայական հարցերը, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված կոնկրետ միջոցառումները: Հատուկ ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն ավարտելու գործընթացին»,- նշված է համանախագահների հայտարարությունում:




Լրահոս