Կառավարությունը փորձում է ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել. նոր ծննդաբերած կանանց հաշվին ֆինանսական լուրջ միջոցներ են խնայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն առաջիկայում կարող է պարծենալ, որ գործնական քայլեր է անում աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մասնավորապես նրանք փորձում են ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել: Բայց իրականում այսպես կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է խնայում, այն էլ նոր ծննդաբերած կանանց հաշվին:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է երիտասարդ մայրերի աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:

Փոխարենը կառավարությունը պարտավորվում է երկու տարի վճարել երեխային պահող դայակին` հատկացնելով մինչեւ 55 հազար դրամ, բայց այս ամենը` բավական բարդ թղթաբանությունից հետո: Ու ստացվում է, որ այլեւս տարեկան միջինը 40 հազար հոգու 18 հազար դրամ չի վճարվի, քանի որ ոչ բոլորը դայակներ կկարողանան ունենալ, համապատասխան փաստաթղթեր կնքել ու գրանցել: Ահա այսպես խթանում են ծնելիությունը:»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս