«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Տարած-հետ բերած», ՀՀԿ-ում «չարչրկված» «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կրկին հանգրվանել է արդարադատության նախարարությունում` վերամշակման համար, եւ արագությամբ ենթարկվել փոփոխությունների։ Նախ փոխվել է օրենքի անվանումը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։
Ինչ վերաբերում է ընդունելուն, ապա աչքի պոչով նայում են ԵՄ-Հայաստան համաձայնագրի կողմը` հասկանալու համար, թե կստորագրվի՞ նոյեմբերի 24-ին այն: ՀՀԿ-ի իրավաբանության «հայրերից» նախկին ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ իր համար ե՞ւս անընդունելի էր այդ օրենքը, ինչպես մնացյալ ՀՀԿ-ականների, այդ թվում եւ՝ Ռուստամ Մախմուդյանի: «Ես գտնում եմ, որ որեւէ օրենք, այդ թվում եւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, պետությանը չի վնասում եւ իրավակիրառական նշանակություն ունի։ Պարզապես անհրաժեշտ է օրենքում հստակ ամրագրել գործնական-պատշաճ կիրառման նորմերը»: Փաստորեն, ՀՀԿ-ում է՞լ են վախենում «նորմերի չկիրառումից»: «Չեն վախենում. ընտանիքն զգայուն արժեք է, դրա համար էլ ծանր ենք ընդունում այն հանգամանքը, որ «ուրիշ մեկը» ոչ ճիշտ նորմով կարող է մուտք գործել ընտանիք»,- ասաց նա:
Ի դեպ, երեկ արդեն այս նախագծի դեմ էլ ընդվզման փորձ եղավ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարեց․ «Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության…արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: