Գողական մեծ հավաք է սպասվում. «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի կլանն ընդլայնվում է նախկին թշնամիներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսբալտ» լրատվականի փոխանցմամբ` «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով հավակնում է «գողական գահին», շարունակում է իր կլան ներգրավել նորերի: Հզոր կոալիցիա է ձևավորվում նաև Օսետրինայի նախկին թշնամիներից:

Հիշեցնենք, որ Օսետրինան ռուսական մաֆիայի «բոլոր բոսերի բոս» կոչման համար պատրաստվում է պայքարել Վասյա Վոսկրեսի դեմ, ում Զախարի Կալաշովի կլանը ժառանգորդ է կարգել: Սպասվում է լուրջ դիմակայություն:

«Օրենքով գողն» արդեն իր շարքերում ներառել է Գեորգի Դիակվնիշվիլիին (Գիա Դլիննի), Դմիտրի Չանտուրիային (Միրոն), Գելա Կարդավայնի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովին (Վագիֆ Բակինսկի): Վերջինս նախկինում Օսետրինային այնքան էլ չէր համակրում, և երբ դեռ ողջ էր Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), բազմիցս վատաբանել էր Ասատրյանին:

Մյուսը` Վագիֆ Բակինսկին, լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի, քանի որ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նաև՝ Կալուժսկի խճուղում, նրա վերահսկողության տակ են գտնվում մի շարք գործընթացներ: Էդուարդ Ասատրյանն իր հերթին կարող է իր նոր զինակցին առաջարկել ուժային աջակցություն: Բացի այդ, «գողականներն» ունեն նոր թշնամի՝ դաղստանցի «հեղինակություն» Ամիրը: 2015թ. դեկտեմբերին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում Ամիրը խեղել էր Վագիֆի մտերիմին՝ «օրենքով գող» Ռոման Ռասոևին (Ալիկ Կրասնոդարսկի): Իսկ 2014 թ. ամռանը Ամիրը ծեծել է նաև Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի):

Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Պրեստուպնայա Ռոսսիան»` Ամիրից վրեժ լուծելու թեմայով Էդուարդ Ասատրյանը միացել է մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիային (Միրոն): Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի հետ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանն անգամ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնը ուրիշների հետ ծեծել են Էդուարդին և նրա որդուն:

Ասատրյանի կլան մտնելու համաձայնություն է տվել ևս մեկ նախկին թշնամի՝ Գելա Կարդավան, ով իր նպատակներն է հետապնդում: Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին, երբ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) դեռևս ազատության մեջ էր: Այդ ժամանակից ի վեր Գելան փորձում է վերականգնել իրավունքները: Նրան «ընտանիք» վերադարձնել խոստացել է Օսետրինան: Առաջիկայում այդ առիթով գողական մեծ «սխոդկա» է սպասվում:




Լրահոս