ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու մեջ:
Այսպես, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ա. Դալլաքյանը, Ա. Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հայտարարել են, որ Հրազդան ՔԿՀ-ի պետի հարկադրմամբ և նույն հիմնարկի հետաքննիչ Հ. Սարգսյանի թելադրանքով հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ: Բացի այդ, նույն հետաքննիչը իրենցից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում ներառել է կեղծ տվյալներ, ինչպես նաև առաջարկել դեպքի շատ հանգամանքներ ներկայացնել այլ կերպ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` դատապարտյալների ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջիններիս հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Դալլաքյանը, Ա. Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ են հայտնել ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով վերը նշված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ դատապարտյալների կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով երեք քրեական գործեր են հարուցվել:
Մեկ այլ քրեական գործով վկա Գ. Մանասերյանը հաղորդում է տվել, որ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Ադամյանն իրեն հարցաքննելիս պահանջել է ցուցմունքում գրի առնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` հայտնելով, որ հակառակ դեպքում իր համար կարող են խնդիրներ առաջանալ: Բացի այդ, նույն քրեական գործով կատարված քննչական գործողության ժամանակ ինքը հայտնել է իրականությունը, սակայն ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Գ. Աղաբաբյանը հարցաքննության արձանագրության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Մանասերյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ծանր հանցագործություններ կատարելու` ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույց կեղծելու մասին:
Որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով ՀՀ ՔԿ վերը նշված երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Գ. Մանասերյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է: