ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանգիստ ապրելու համար «Առինջ մոլի» առևտրականները պետք է շատ հարկ մուծեն. ճնշումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքում են ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց առեւտրի կետերում պարբերաբար ստուգումներ կազմակերպելու դեմ: Նրանք բողոքում են՝ պնդելով, որ հարկայինի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

Առեւտրականների պատմելով` ՊԵԿ աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առեւտրի կենտրոնի մուտքերի մոտ եւ ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց` ինչու է ՊԵԿ-ը նման վերահսկողություն իրականացնում «Առինջ Մոլ»-ում, այլ ոչ թե «Փեթակ» կամ «Սուրմալու» առեւտրի կենտրոններում: Գուցե պատճառն այն է, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի սեփականատերը ՀՀ նախագահի նստավայրի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանն է:

Մեր հարցմանը ՊԵԿ-ից պատասխանեցին. «Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում՝ այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպես կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել խոշոր բիզնեսի փոխարեն փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն եւ չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին:

Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» եւ առեւտրի կազմակերպման եւս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները ՊԵԿ-ի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «Առինջ Մոլ»-ը ցանկացած` անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում` խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց եւ վճարելուց»:

Ըստ ՊԵԿ-ի` «Առինջ Մոլը» ունենալով ամենաշատ հարկ վճարողների քանակը՝ համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում: «Մասնավորապես` եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող` ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ Մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»:

Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ը գրեթե բաց տեքստով ասում է, որ իրենք ծրագրել են «Առինջ Մոլ»-ից ավելի շատ հարկ «պոկել» եւ չեն պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենց նպատակին չեն հասել: Ավելին՝ խոստովանում են, որ համանման մյուս տոնավաճառների հետ կապված եւս խնդիրներ են եղել, բայց նրանք հնազանդվել են եւ «ՊԵԿ-ի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները», այսինքն՝ սկսել են ավելի շատ հարկ վճարել: Մի խոսքով, կառավարությանը գումար է պետք, եւ ՊԵԿ-ը որտեղից կարող է, փորձում է առավելագույնը ստանալ:

Ս. Հ.




Լրահոս