ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունների կարծիքով օտարերկրյա պաշտոնյաները ծայրաստիճան միամիտ են ու այդ առիթից օգտվելով՝ փորձում են Հայաստանի մասին այնպիսի կեղծ փաստարկներ բերել, որոնք իրականության հետ լավագույն դեպքում հեռավոր աղերսներ ունեն միայն: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցի ժամանակ երեկ «DD news» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Dooing business»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում ենք»:
Իհարկե, փաստ է, որ Հայաստանն առաջին 50 երկրների ցանկում է, բայց այս տարվա ընթացքում առաջընթացի փոխարեն միանգամից 9 հորիզոնականով նահանջել է՝ 38-րդ հորիզոնականից հայտնվելով 47-րդում: Ընդ որում, Հայաստանի հարեւան պետություններն, ընդհակառակը, առաջընթաց են գրանցել նույն «Dooing business»-ում: Եւ հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը «Dooing business»-ում զիջել է իր դիրքերը, նույն վարչապետ Կարեն Կարապետյանը արդարացել էր, որ «Ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու են ղեկավարի տեղակալներ` իրենց անձնական պատասխանատվությամբ», նաեւ թվարկել թույլ կետերը՝ դատական համակարգ, սննկացման ինստիտուտներ, վարկերի տրամադրման գործընթաց…: Կարծում ենք՝ օտարերկրացիները եւս գիտեն կամ կարող են տեղեկանալ այս ամենի մասին, իրականությունը չես թաքցնի: Եւ անտեղյակ հայտարարությունները, թերեւս, չարժեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում: Ավելին՝ հոգեբանները աշխատում են փոքրիկի հետ՝ փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, շատ ծանր վիճակում է հայտնվել պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան սկզբում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն վերջինիս չեն ընդունել՝ վախենալով, որ կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Ու չի բացառվում, որ կալանավայրում հայտնվելուց հետո նրան, մեղմ ասած, հաճելի օրեր չսպասվեն, քանի որ քրեական աշխարհի օրենքներով նրա արարքը՝ փոքրիկին պատանդ վերցնելը, չի ներվում: Նա պետք է բացատրություններ տա:

 

 

 

 

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստան է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի ՌԴ արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 28.8 տոկոսով: Իսկ ահա արտահանումը դեպի Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան եւ Ղրղզստան նվազել է: Դեպի Բելառուս արտահանումը պակասել է 48.6 տոկոսով, դեպի Թուրքմենստան՝ 0.3 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 30.8 տոկոսով: Իսկ հետո էլ իշխանությունները փորձում են համոզել, թե ՀՀ-ն առաջընթաց է գրանցել եւ սկսել է նվաճել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան:

 

 

 

 

Չնայած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքներով ամենաշատը հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ական մարզպետները կուսակցության ներսում լուրջ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Կան տեղեր, որտեղ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր կոնկրետ թեկնածուի, բայց պարտվել է, քանի որ տեղական իշխանիկները «խաղեր են տվել»: Օրինակ՝ Լոռու մարզում Ախթալա խոշորացված համայնքում պարտվել է ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը՝ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, հաղթել է անկուսակցական Արկադի Թամազյանը: Եւ հիմա մարզպետ Արթուր Նալբանդյանը պետք է բացատրի՝ ինչու, ինչպես: Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզպետ Հարություն Սարգսյանն ու մարզի տիրակալ հռչակած Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը, չկարողացան ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող Տիգրան Խուդոյանին անցկացնել: Հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզում եւս 2 համայնքում ՀՀԿ-ն «շեղվել է»: Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ական Յուրա Ավալյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին՝ Վազգեն Ադամյանին, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտպանում էր Ավալյանին, իսկ Գեղամասար համայնքում ՀՀԿ-ական Զոյա Գեւորգյանը պարտվել է ՀՀԿ-ական Հակոբ Ավետյանին, թեեւ կուսակցությունը պաշտպանում էր կին թեկնածուին:

 

 

 

 

ՆԵՐԿՈԱԼԻՑԻՈՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ
Իշխանական կուլիսներում հետաքրքիր ինտրիգներ են սկսվել: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Հայաստանի տարբեր անտառտնտեսություններում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, կաշառք տալու եւ կաշառք ստանալու օժանդակության դեպքեր է բացահայտել: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասված է. «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ»: Ասել է, թե տեւական ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունում գործել է կոռուպցիոն մեծ խումբ: Իսկ այս ոլորտները, եթե հիշում եք, իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի վերահսկողության տակ են, ընդ որում, արդեն բավական երկար տարիներ: Անգամ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերում էր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանն էր, ու նրա կոռուպցիոն գործունեության մասին մամուլը ողողված էր տարբեր հրապարակումներով: Միայն թե իրավապահներն այս ընթացքում աչք էին փակում այս ամենի վրա: Բացի այդ՝ բնապահպանության նախարարը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է, այնպես որ, ուզած-չուզած, սլաքներն ուղղվում են հենց ՀՅԴ-ի ուղղությամբ:
Թե ինչո՞ւ, դժվար չէ կռահել. նախորդ շաբաթ ՀՅԴ-ն Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ ընդլայնված նիստ էր անցկացրել, որտեղ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը լի էր տողատակերով՝ իշխանության մեջ գտնվելով հանդերձ, որոշակի դժգոհություն եւ անուղղակի քննադատություն կար, ու բացի այդ՝ նշված էր, թե «Քաղաքական համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»: Բացի այդ՝ ՀՅԴ-ն 2018թ ընդառաջ սկսել է ներքին «խաղեր տալ», եւ Սերժ Սարգսյանն էլ որոշել է հիշել առայժմ մանր անտառահատներին:

 




Լրահոս