ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին բացված հուշարձանը: Հուշարձանի վրա երկու կողմից անարգական եւ անպատկառ գրություններ են արվել: Վիենի հայկական կազմակերպությունները միասնաբար դատապարտում են այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշել են բողոք ներկայացնել: Նշենք, որ Վիենի հուշարձանը պղծվել էր նաեւ 2003թ.:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի՞ կատեգորիաների է բաժանվում:

Վահրամ Առաքելյան (63 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության. 2) բնակավայրերի. 3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության. 4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների. 5) հատուկ պահպանվող տարածքների. 6) հատուկ նշանակության. 7) անտառային. 8) ջրային. 9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակչության անվտանգության ապահովման ու արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով սահմանվում են գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ: Նշենք, որ այդ հողերի վրա արգելվում է հատուկ իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը վերջույթների անդամահատության է ենթարկվել, եւ դիմել փորձաքննության, ապա ինչո՞ւ հենց առաջին անգամ փորձաքննության դիմելուց հետո հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:

Վազգեն Իսահակյան (59 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորությունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով:
Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական եւ վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:




Լրահոս