ԿՆԱՀԱՆՋԻ ԱՐԴՅՈ՞Ք ՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը: Դասադուլի մասնակիցները երթով շարժվեցին Ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության համալսարան` կոչ անելով մյուս ուսանողներին եւս միանալ իրենց: Դասադուլի մասնակիցները երեկ նաեւ նամակ ուղարկեցին ՊՆ եւ ԿԳ նախարարություն եւ պատրաստվում են այսօր եւս շարունակել իրենց ակցիան:
Բնականաբար, ԵՊՀ ղեկավարությունը երեկ փորձեց ամեն գնով խոչընդոտներ ստեղծել դասադուլի մասնակիցների համար. մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում փակել են ֆակուլտետների դռները՝ զրկելով ուսանողներին դուրս գալու հնարավորությունից, եւ բացի այդ՝ գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսանողները պնդում էին, որ իշխանություններին չի հաջողվի նման քայլերով իրենց ետ պահել պայքարից:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. եւս փորձել էր օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ԿՌՈՒ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ է հայտնաբերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում փորձել է իրավիճակը մեղմ ներկայացնել՝ նշելով, թե ստուգումները դեռ ընթացքի մեջ են. «Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային: Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի եւ վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ որակման մանդատը»:

 

 

 

 

Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսակետ է հայտնել, որ սա կարող է լինել այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործված խարդախ մեթոդների հետեւանք, երբ փորձել են դիտումներ եւ հավանություններ հավաքել: «YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է»,- նշել է մեդիափորձագետը:

 

 

 

 

Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրից հեռացել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ընդ որում, առանց տեղյակ պահելու մտերիմներից շատերին: Ամենայն հավանականությամբ, Աբգարյանը վախեցել է, որ իր նկատմամբ Հայաստանում մահափորձերը կարող են կրկնվել, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջեւ հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի եւ նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու հիմա քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը:

 

 

 

 

ԱՆՀԱՂՈՐԴ ԵՎ ԴԱՆԴԱՂ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքիր փաստ բացահայտվեց. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու` Վայոց ձորի հատվածի ճանապարհային քարտեզը մինչեւ հիմա չի հաստատվել, ու միայն 2018թ. կտրվի նախագծի մեկնարկը: Նման խոստովանությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` հավելելով. «Բանն այն է, որ այս հատվածում ինժեներաշինարարական լուրջ աշխատանքներ կան անելու. Սիսիան-Քաջարան հատվածում 10-ից ավելի թունելներ պիտի կառուցվեն, որոնցից 2-ի երկարությունը բավականին շատ է, եւ 17-ից ավել կամուրջներ»: Այնուհետեւ նախարարը նշել է, թե միայն այս հատվածի կառուցման մեկնարկից հետո կարող են մտածել հարավային հատվածի մյուս` Քաջարանից Մեղրի եւ Արարատից-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին:
Իսկապես իշխանությունները չեն դադարում ապշեցնել իրենց անհաղորդ պահվածքով: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներն ամեն գնով փորձում են ապացուցել, որ կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից, պատկերացում չունեն իրենց վստահված ոլորտից:
Հատկապես վերջին շրջանում Հայաստանը հետեւողականորեն դուրս է մղվում տարածաշրջանային բոլոր ծրագրերից, արդյունքում` գնալով խորանում է միջազգային մեկուսացումը: Այս առումով Բաքու-Թբիլիսի-Կարս նորակառույց երկաթուղու շահագործումը կարելի է համարել Հայաստանի մեկուսացման ուղղությամբ եւս մեկ, ընդ որում` լուրջ քայլ: Ու դրանից հետո ենթադրվում է` իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեին այլընտրանքային ծրագրերը կյանքի կոչելու, դրանք ավարտին հասցնելու համար՝ հընթացս քայլեր ձեռնարկելով Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Եւ այս համատեքստում պետք է արագացնեին եւ ավարտին հասցնեին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը: Մինչդեռ նրանք նույն դանդաղկոտությամբ դեռ շարունակում են տեղում դոփել` ձեւացնելով, թե ոչինչ չի պատահել: Դեռ ավելին՝ փորձում են դեմքի անմեղ արտահայտությամբ պատճառաբանություններ ներկայացնել շինարարության ընթացքի ձգձգման վերաբերյալ:
Հ.Գ. Էլ չենք ասում այն մասին, որ հակառակ նախկին ու ներկա վարչապետների դիտողություններին՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության որակը հեռու է որակյալ համարվելուց, եւ կարճ ժամանակ շինաշխատանքներ իրականացրած ընկերությունը որոշ տեղերում երաշխիքային պայմաններով վերանորոգում է իրականացնում. սա երեկ հայտարարել է նախարար Մարտիրոսյանը:

 




Լրահոս