ԲԱՅՑ ՇԱՏ ՀՆԱՐԱՄԻՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսում կրկին անդրադարձավ ներդրումների թեմային՝ հավաստիացնելով, որ հայտարարած բոլոր ծրագրերը կյանքի են կոչվելու: «Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք նախանշել ենք, մինչեւ տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,- ասել էր վարչապետը՝ մեջբերելով դեռ սեպտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ հունվար-օգոստոս ամիսների վերաբերյալ հրապարակած տվյալները, թե իրականացվել է կառավարության խոստացած շուրջ 850 մլն դոլլար ներդրումների 45 տոկոսը՝ 376 մլն-ը:

Միայն թե ի սկզբանե այս թվերը մասնագետների մեջ լուրջ կասկածներ հարուցեցին, ու սա միանգամայն հիմնավոր պատճառներով: Երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրական տվյալները, պարզ դարձավ` ուղղակի ներդրումներն այս տարվա ընթացքում շարունակել էին նվազել, ավելին՝ մի շարք երկրներ Հայաստանից նույնիսկ դուրս էին հանել իրենց կապիտալը:
Մինչդեռ կառավարության հրապարակած ցուցանիշները խոսում էին աճի, ավելի ճիշտ՝ շատ մեծ աճի մասին: Այս անհամապատասխանությունն արագ պարզվեց. կառավարությունն իր ցուցանիշները հաշվարկել էր միանգամայն այլ մեթոդաբանությամբ, որպեսզի աճ ցույց տար:
Կարեն Կարապետյանի՝ վերջին ասուլիսում ներկայացրած հաշվետվության մեջ եւս նշված է. «ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել ՀՀ կառավարության կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված եւ միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ եւ հրապարակվում են զուտ մեծություններով»: Նաեւ նշված է, թե կառավարության հայտարարած ներդրումները ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները՝ «տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ, ինչպես նաեւ խորհրդատվական աջակցություն»:
Այլ կերպ ասած՝ կառավարությունը ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական ծրագրերը, վերցված վարկերն ու ստացված դրամաշնորհները միանգամից համարել է ներդրում ու որպես իր գործունեության արդյունք, որպես իր ձեռքբերում հրամցրել հասարակությանը: Մի կողմ թողնենք՝ որքանո՞վ է ճիշտ հաշվարկի այդ մեթոդաբանությունը. սա նեղ-մասնագիտական քննարկումների թեմա է:
Այստեղ կարեւոր է մեկ այլ իրողություն. տարիներ շարունակ ՀՀ-ում գործել է օտարերկրյա ներդրումների հաշվարկի այլ մեթոդաբանություն, որի համաձայն՝ ԱՎԾ-ն ներկայացրել է վիճակագրությունը: Ընդ որում, այդ մեթոդաբանությունն ընդունված է միջազգային պրակտիկայում, մշակվել է հատուկ արժույքի միջազգային հիմնադրամի կողմից:
Մինչդեռ հիմա Կարեն Կարապետյանի կառավարությունը ներդրումների ծավալները հաշվարկելու իր սեփական մեթոդաբանությունն է կիրառում եւ հայտարարում, թե դրա արդյունքում ստացած ցուցանիշներն են իրական պատկերը տալիս, հետեւաբար դրանք պետք է ընդունել որպես հիմք:
Թե ինչու է կառավարությունը հանկարծ որոշել գնալ այս քայլին, դժվար չէ կռահել. քանի որ Կարեն Կարապետյանը ներդրումներ ապահովելու կոնկրետ ցուցանիշներ էր խոստացել, բայց այդպես էլ բավարար չափով ներդրումներ չէին եկել Հայաստան, պետք էր իրավիճակը փրկել: Ճիշտ նույն կերպ ժամանակին վարվեց Տիգրան Սարգսյանը, երբ տեսնելով այս ոլորտում սոսկալի անկումը՝ պարզապես փոխեց ներդրումների հաշվարկի մեթոդաբանությունը՝ առաջարկելով հաշվարկներն անել ոչ թե դոլարով, այլ դրամով: Այդքանից հետո էլ, իհարկե, որեւէ աճ ցույց տալը դժվար էր, բայց գոնե այլեւս հնարավոր չէր համադրել ու համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ, հետեւաբար կառավարությունն առժամանակ զերծ էր մնում քննադատության թիրախ դառնալուց: Միայն թե ե՛ւ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները բավական միամիտ են գտնվել ու չեն առաջարկել Կարեն Կարապետյանի կիրառած մեթոդաբանությունը, երբ ֆինանսական բոլոր գործարքները դիտվում են որպես ներդրում: Այ, եթե ժամանակին նրանք էլ նույնքան հնարամիտ (իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ) գտնվեին, ապա հավանաբար տասնապատիկ մեծ թվեր արձանագրած կլինեին ու կկարողանային գլուխ գովել իրենց արածների ու չարածների համար: Ճիշտ այնպես, ինչպես այսօր անում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՉԻՆՈՎՆԻԿ ՈՐԴԻՆ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 43-ամյա որդին` Կարեն Ղահրամանյանը, որ զբաղեցնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել: Ու սա այն դեպքում, երբ Ղահրամանյանը 1998թ. սկսած տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, այսինքն` եղել է սովորական չինովնիկ: Իսկ վերջին 9 տարում նա էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն է: Ակտիվ ՀՀԿ-ական Կարեն Ղահրամանյանն ունի մեկ բնակարան եւ Mercedes-Benz 320 E մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 19.5 մլն դրամ, 85 հազար դոլար, 45 հազար եվրո: Մինչդեռ նրա՝ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը կազմել է ամսական 240 հազար դրամ:

 

 

 

2 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երեւան» պանդոկում հոկտեմբերի 13-ին հյուրասիրություն է կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երեւան» պանդոկից աղցաններ է գնել, 4 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ: Հոկտեմբերի 14-ին հյուրասիրություն է կազմակերպվել նույն «Լավաշ» ռեստորանային համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակներ, աղցաններ եւ այլն: Նույն օրը՝ երեկոյան, քաղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 2 մլն դրամ:

 

 

 

ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված: Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը մեծ է եղել, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան: Այս գործը նախագահող դատավորը Արման Թովմասյանն էր, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործով նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավորը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Իսկ թե ով կքննի ՊԵԿ-ի եւ ԱԺ պատգամավորի միջեւ առաջացած քաշքշուկների գործը, մնում է օդից կախված:

 

 

 

ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆ
Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել: «Առաջին պայմանը Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը` Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը` ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Սրանք շատ բարդ պայմաններ են: Առաջինը կարող ենք կատարել որոշ բացառություններով, սակայն մյուս երկուսը հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը»,-նշել է Շահինօղլուն: Սակայն քաղաքական գիտությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Թուրան Իլթերը, հայտնել է. «Հազիվ թե Էրդողանն ու Պուտինը քննարկեն պրոռուսական միությանը Ադրբեջանի միանալու հարցը: Ադրբեջանն անկախ երկիր է, եւ չեմ կարծում, թե մեր երկրի ղեկավարությունը կհամաձայներ ինչ-որ կուլիսային բանակցությունների: Էրդողանը կարող է միայն խնդրել Պուտինին ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում այդ հակամարտության կարգավորման համար»:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ասիական զարգացման բանկի» (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Ս. Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը եւ դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարեւոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:

 

 

ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան երեկ հայտարարել է, թե իրենք շարունակում են աջակցել պետությունների առաջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «ԱՄՆ-ում նոր վարչակազմը որոշումներ է կայացրել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը: Նաեւ որոշում էր կայացվել նոր համանախագահ նշանակելու մասին: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Սեկուտան` հավելելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, կատարել լրացուցիչ աշխատանք:

 

 




Լրահոս