ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են: Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում: Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը:

Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով: Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.6 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 11.8 տոկոս գնաճ: Նշենք, որ յուղերի եւ ճարպերի շուկայում այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 5.6 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միայն բանջարեղենի եւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող կարագի ընդհանուր գնաճը կազմել է 11.8 տոկոս:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ այն հիմնականում պայմանավորվել է կարագի 12.3 տոկոս գնաճով: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն կարագի շուկայում արձանագրվել է 38.9 տոկոս գնաճ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով: Եթե անցած տարվա հոկտեմբերին նշված տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 2800 դրամով, ապա այս տարվա հոկտեմբերին` 4255 դրամով: «Անքոր» տեսակի կարագի գինը բարձրացել է 43 տոկոսով. այսինքն՝ եթե անցած տարվա հոկտեմբերին «Անքոր»-ի գինը կազմել է 2996 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվում այն ունեցել է 4290 արժեքը: Նշենք, որ թանկացել է նաեւ «Վալիո» տեսակի կարագը, որի գինը բարձրացել է 27.4 տոկոսով: Այս տեսակի կարագի գինը անցած տարվա հոկտեմբերին կազմել է 4006 դրամ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում` 5103 դրամ: Բացի կարագի շուկայից՝ թանկացել են նաեւ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն, որոնց գները այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 1.6 տոկոսով, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 2.5 տոկոսով: Ի դեպ, ձուն եւս թանկացել է` 3.3 տոկոսով:
Ձկան եւ ձկնամթերքի շուկայում եւս արձանագրվել է թանկացում` 1.4 տոկոսի չափով: Իսկ ահա մսամթերքի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 1.3 տոկոս գնաճ: Իսկ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում մսի գինը թանկացել է 1.5 տոկոսով: Նշենք, որ հիմնականում բարձրացել է խոզի, ոչխարի մսի գները: Բայց մսի ամենաբարձր գնաճը արձանագրվել է Արտաշատ քաղաքում` 2 տոկոսով: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում մեկ ամսվա ընթացքում թանկացել են նաեւ հացաբուլկեղենը, ձավարեղենը, հրուշակեղենը, ոչ ալկոհոլային խմիչքը: Գնաճից անմասն չեն մնացել սուրճը, թեյը, կակաոն, ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտը: Բայց շաքարավազի շուկայում գրանցվել է 2.5 տոկոս գնանկում: Էժանացել է նաեւ միրգը` 10.2 տոկոսով: Ինչը, ըստ մասնագետների, կունենա կարճ կյանք: Քանի որ առջեւում են նախատոնական օրերը, երբ մարդիկ պատրաստվում են Ամանորին: Իսկ ինչպես հայտնի է` այդ ժամանակ մեր երկրում, չնայած մեծ պահանջարկին, բոլոր տեսակի ապրանքատեսակները թանկանում են:
Պաշտոնապես ոչ պարենային շուկայում եւս թանկացումներ են արձանագրվել: Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում հագուստի եւ կոշիկի գները բարձրացել են 7.7 եւ 9.6 տոկոսով: Այս հոկտեմբերին թանկացել են նաեւ բենզինն ու դիզելային վառելիքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բենզինի գինը բարձրացել է 4.2 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը` 2 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է միջազգային շուկայով:
Եւ չնայած այս ամենին` իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթի հայտարարում են, թե քայլեր են անում ժողովրդի վիճակը բարելավելու համար: Բայց իրականում անգամ հրաժարվում են 1000 դրամով բարձրացնել մարդկանց կենսաթոշակը: Իսկ թե մարդիկ ինչպես են առաջիկայում այս պայմաններում կռիվ տալու գնաճի դեմ, ցույց կտա ժամանակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

22 ԴԻՄՈՒՄ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ սահմանված ժամկետում` մինչեւ երեկ ժամը 11-ը, թվով 8 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ: Թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 եւ թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումները վերաբերում են թվով 24 ընտրատեղամասերի: Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում:

 

 

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Գեւորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հիվանդանոցում, նրա վիճակը բավարար է: Գ. Հյուսնունցն առաջին իսկ օրից հիվանդասենյակում է եղել, ստացել է համապատասխան բուժում: Նույն օրը վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել էր Երեւան, նա պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի: Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 4-ին պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

 

 

 

ՎԱՐՁԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ
Ինչպես հայտնի է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով գումար է հատկացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26 մլն 160 հազար դրամ, 2015 թվականին` 24 մլն 656 հազար դրամ, 2016 թվականին` 20 մլն դրամ: Այս տարվա համար պետական բյուջեից այս նպատակով հատկացվելու է եւս 20 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար 400 դրամ: Դրանից միայն 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60 տոկոսն է կազմում 20 մլն դրամը: Իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության կողմից հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

ՉԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է. «2018 թվականին միայն կրթության ոլորտին 126.7 միլիարդ դրամ է տրամադրված, որը 600 միլիոն դրամով պակաս է 2017 թվականի հատկացումներից, իսկ նման տարբերությունը ցույց է տալիս իշխանությունների դիրքորոշումը կրթության նկատմամբ»: Նա գտնում է, որ կրթության ոլորտի հատկացումների ցուցանիշի նվազումը ցույց է տալիս, որ իշխանությունները կրթությունը չեն կարեւորում:
Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ այս ցուցանիշի նվազման մեջ դեր են ունեցել նաեւ պետության հնարավորությունները. «Մենք կարող ենք շատ հեշտ ասել, որ դա մեզ չի հետաքրքրում, բայց որպեսզի օբյեկտիվ վերլուծություն լինի, մենք պետք է մտածենք դրա մասին: Մենք ձեւավորել ենք խղճուկ բյուջե, որի մեղավորը, բնականաբար, իշխանություններն են: Ակնկալել, որ մեր կրթական համակարգը կմրցակցի միջազգային կառույցներում, ուղղակի ծիծաղելի է ու լուրջ չէ»,-նշել է նա:




Լրահոս