ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվել են: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը: «Շատերիս էջերն են արգելափակվել, բայց մեզնից մի քանիսինը վերականգնվել է: Հուսանք՝ մյուսներինը եւս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված, եւ եթե հարցը չլուծվի, ամբողջ աշխատանքս հնարավոր է՝ կորչի։ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչը կարող էր լինել մեր պաշտոնական էջերը արգելափակելու պատճառը»,-ասել է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով եւս հայտնվել է YouTube-ի թիրախում: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

-Սամվե՛լ, ի՞նչը կարող է լինել յոթ տասնյակ աստղերի յութուբյան էջերի արգելափակման հիմնական պատճառը: Դուք Ձեր տարբերակը ունե՞ք:
-Ամենահավանական պատճառն այն է, որ այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործվել են խարդախ մեթոդներ` դիտումներ եւ հավանություններ հավաքելու համար: YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է: Կարող է համընկնում լինել:
-Շատերն ասում են, որ գլխի չեն ընկնում` ո՞րն է իրենց էջի արգելափակման պատճառը: Սա Ձեզ արժանահավատ թվո՞ւմ է:
-Դե, իրականում չեն կարող հստակ իմանալ, քանի որ YouTube-ը մանրամասն չի բացատրում, ընդհանրական բացատրություններ է տալիս` խարդախություն, սպամ եւ այլն:
-Միանգամից 70 հոգու յութուբյան էջերի արգելափակումը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Դուք այլ երկրների պարագայում ծանո՞թ եք նման նախադեպերի:
-Ուրիշ տեղերից զանգվածային արգելափակումների վերաբերյալ տեղեկություն չունեմ, բայց 70 էջի փակումը Հայաստանի համար է մեծ թիվ, աշխարհի մասշտաբով դա մեծ թիվ համարել չես կարող:
-Ի՞նչ կարող են անել երգիչ-երգչուհիները` նման իրավիճակից դուրս պրծնելու համար:
-Պետք է բողոքարկել, բայց շանսերը քիչ են:
-Իսկ ի՞նչ անեն մյուսները` նման դեպքերից խուսափելու համար:
-Թող չվստահեն իրենց յութուբյան ալիքները մարդկանց, որոնց գործողությունները չեն վերահսկում:
-Երգչուհիներից ոմանք ասել են, որ իրենք գրանցված են «Հայ ֆանատ» էջին, սակայն չեն կարող ասել` խնդիրը «Հայ ֆանատ»-ինն է, թե՞ YouTube»-ինը:
-Որեւէ էջին գրանցվելը նման խնդիր չի կարող առաջացնել:
-Այսինքն՝ պետք է ենթադրել, որ YouTube-ը նոր համակարգ է միացրել եւ փորձում է ավտոմատացված կերպով հետեւել խախտումների՞ն:
-Այո՛, վերահսկողության ծրագրերը, որոնք գտնում են խախտող ալիքներին, անընդհատ թարմացվում են:
-Եվ վերջում` բացի այն, որ ոչ վստահելի մարդկանց չի կարելի հանձնել յութուբյան ալիքները, էլի ի՞նչ խորհուրդներ կտաք հայտնիներին` արգելափակումները կանխելու համար:
-Ամենակարեւորը` թող չփորձեն դիտումներն ու հավանությունները ստանալ խարդախ ձեւերով: Դա ամենավտանգավորն է: «Լայքերի» ու դիտումների լցոնումը կարող է բոլորի վրա վատ անդրադառնալ. լավագույն դեպքում YouTube-ը նվազեցնում է դիտումները, վատագույն դեպքում` արգելափակում:
Հավելենք, որ երգչուհի Գաբի Գալոյանը եւս հայտնվել է YouTube-ի «սեւ ցուցակում»: Նա նշել է, որ իր պրոդյուսերն ԱՄՆ-ում վարձել է համապատասխան մարդկանց, որոնք զբաղվում են խնդրի պատճառները հասկանալով: Գաբին եւս նշել է, որ սպասում են «Հայ ֆանատի» բացատրությանը, որից հետո միայն կանցնեն հստակ գործողությունների:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՈՐՔԱ՞Ն Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԽՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից պարզել է` գերատեսչությունը 2016-2017 թթ. պետական բյուջեից գործուղումների համար որքան գումար է ծախսել: Այսպիսով` նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեզ պատասխանել է, որ տվյալ ժամանակահատվածում պետական բյուջեից գործուղումների համար ծախսվել է 9 միլիոն 751 հազար դրամ: Ընդ որում, 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախարարությունը ծախսել է 2 միլիոն 811 հազար դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված գործուղումների համար` 2 միլիոն 750 հազար դրամ:

Իսկ 2017 թվականի միայն առաջին կիսամյակի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախարարությունն արդեն ծախսել է 2 միլիոն 665 հազար դրամ, հանրապետության տարածքում գործուղումներին տրամադրված գումարը կազմել է 1 միլիոն 524 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր 2016 թվականին պետական բյուջեից 30 տոկոսով կրճատել գործուղումների համար հատկացվող միջոցները: ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների կողմից 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային, քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Հայաստանի գերատեսչությունները, ընդհանուր առմամբ, գործուղումների համար պետք է ծախսեին 141 միլիոն 500 հազար դրամ: ՀՀ մշակույթի նախարարության համար նախատեսված էր 6 միլիոն 200 հազար դրամ:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը Եվրոպայի 2017 թվականի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում պարտվել է Ռուսաստանին: Նոյեմբերի 6-ին, մրցաշարի ավարտից 1 տուր առաջ, չեմպիոնությունն ապահոված ռուսները 3.5-0.5 միավորով հաղթել են Հայաստանին: 11 միավորով Հայաստանը մրցաշարն ավարտել է 9-րդ տեղում: Չեմպիոն Ռուսաստանը վերջին տուրից հետո միավորների քանակը հասցրել է 17-ի: 2-րդ տեղում Վրաստանն է 14 միավորով: Ուկրաինան 3-րդն է 13 միավորով: Հայաստանի տղամարդկանց ընտրանին վերջին տուրում ոչ ոքի՝ 2:2, խաղացել է Սերբիայի հետ: Թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմը 10 միավորով զբաղեցրել են 12-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակին: Մրցաշարում չեմպիոն է դարձել Ադրբեջանը: Թիմը վաստակել է 14 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցել Ռուսաստանին, որը նույնպես 14 միավոր ունի: Ուկրաինան 13 միավորով 3-րդն է: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2017 թվականի թիմային առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին:

 

 

ԱԼԲԱՆԻԱՅԻ ԹԻՄԻ ՀԵՏ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի թիմի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երեւանում կհյուրընկալի դանիացիներին: Բասկետբոլիստների մի մասը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ-ի ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում», հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

 




Լրահոս