ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտագոհում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը: Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափը: Ինչպես հայտնի է՝ մինչեւ հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Եւ հիմա ՊՆ-ն առաջարկում է այդ թիվը հասցնել 500 հազ դրամի՝ ընդհանուրը մոտ 9 մլն դրամ: Ու այս առաջարկը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առարկա դարձավ: Որոշվեց նախագիծը քննարկել եւս մեկ անգամ՝ ուրբաթ օրը: Բանն այն է, որ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին, հայրենադարձության կոչ է անում, մյուս կողմից՝ ՀՀ ՊՆ-ի այս նախագծով, փաստորեն, արդեն ոչ թե սահմանափակվում, այլ պարզապես վերջ է դրվում տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչու չէ, այդպես նաեւ նրանց ընտանիքի մյուս անդամների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին: Արմավիրի մարզի բնակիչ Կաղզվանցյանը, հիշեցնենք, 16/3 ընտրատեղամասում կրկնաքվեարկության փորձ էր արել ու բացահայտվել. մատնահետքը ստուգող սարքի ազդանշանից հետո հրավիրել էին ոստիկաններին, նրան նույնիսկ կալանավորել էին, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է այս դատավճիռն ու արդարացրել նրան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատասխանատվությունից խուսափելու համար նա մշապես հայտարարել է, թե չի հիշել, որ 1 անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն:
Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Ու հիմա՝ այդ որոշման ընդունումից ուղիղ երկու ամիս անց, շահառուները ո՛չ հավաստագիր ունեն եւ ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանն էլ պարզաբանել է, թե այժմ նախարարությունը պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ. «Անելիքը կազմակերպություններինն է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն»,- ասել է նա: Իսկ մինչ այդ տուժում են այդ պարագաների կարիքն ունեցող ՀՀ քաղաքացիները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին: Ընդ որում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, որը հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է: Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները եւ դուրս նետել պատուհաններից:
ՊԱՏՃԱՌԸ ԳՏԱ՞Վ
Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, կրկնել է մինչեւ 2040թ. ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու իր հայտարարությունը՝ պնդելով, որ «…նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է»: Փաստորեն, Սերժ Սարգսյանը դեռ հավատում է ամիսներ առաջ իր արած հայտարարությանը եւ դեռ շարունակում է բարձրաձայն խոսել այդ մասին: Բանն այն է, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման միայն վերջին հինգ տարում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 302,4 հազարով: 2017թ. գրանցվել է վերջին հինգ տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշը, բնական հավելաճի ամենացածր ցուցանիշը: Հայաստանյան զարգացումները վկայում են, որ բացասական միտումները դեռ երկար են շարունակվելու: Իսկ Սերժ Սարգսյանն այդքանից հետո դեռ խոսում է մինչեւ 2040թ. բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին: Ավելին՝ նա նույնիսկ հանձնարարականներ է տվել այդ թեմայով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կառավարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի (մինչեւ 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները»:
Նկատենք՝ այս տարիներին ամենատարբեր ոլորտների վերաբերյալ ռազմավարական ծրագրերի պակաս ՀՀ-ում չի եղել, հատկապես Կարեն Կարապետյանի կառավարությունը ծրագրեր գրելու, հայեցակարգեր մշակելու հարցում անգերազանցելի է: Բայց չնայած ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգերի առատությանը՝ գործնականում կամ որեւէ դրական տեղաշարժ չի եղել, կամ եթե եղել է, ապա շատ քիչ: Նույնն է նաեւ այս դեպքում: Առավել եւս, երբ կառավարություններն էլ իրենց ծրագրերում մշտապես նախանշել են ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը, բայց տեսնում ենք արդյունքը:
Հանուն արդարության նկատենք՝ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական վիճակի խնդիրների մասին խոսելիս, այնուամենայնիվ, մեկ ճիշտ դիտարկում է արել. «Նա հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ուղղակիորեն խոստովանել է, որ ԼՂ խնդրի լուծված չլինելը, պատերազմի վերսկսման հավանականությունը ժողովրդագրական խնդրի վրա բացասական ազդեցություն ունի: Նախկինում նա արտագաղթի համար մեղադրում էր լրագրողներին՝ ասելով, թե գաղջ մթնոլորտ են տարածում, հետո ասել էր, թե սփյուռքն է մագնիսի նման քաշում մարդկանց: Բայց հիմա վերջապես գտել է առաջնային պատճառը, նույնիսկ բարձրաձայնում է: Մնում է՝ իրական քայլեր անի՝ այդ պատճառները վերացնելու համար, այլապես մնացածը կլինի դատարկախոսություն: